Աֆղանստանի իշխանություններն սկսել են բանտերից ազատ արձակել «Թալիբան» արմատական շարժման 400 կողմնակիցներց վերջին խմբին: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի Անվտանգության ազգային խորհուրդը: «Աֆղանստանի իշխանությունները երեկ ազատ են արձակել այն 400 թալիբներից 80-ին, որոնց Լոյա ջիրգան (Աֆղանստանի ցեղերի ավագների արտակարգ ժողով) որոշել է բաց թողնել՝ ուղղակի (միջաֆղանական) բանակցությունները և ընդհանուր զինադադարն արագացնելու համար»,- ասված է Twitter-ում խորհրդի հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 10-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ստորագրել է հրամանագիր այն ցուցակից «Թալիբանի» գերյալ կողմնակիցների վերջին խմբի ազատման մասին, որն արմատականները հանձնել էին փետրվարին ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ: Դրանից մեկ օր առաջ Աֆղանստանի ցեղերի ավագների արտակարգ ժողովը որոշում էր ընդունել թալիբների հիշյալ խմբին տեղական բանտերից ազատելու մասին: Մինչև հիմա Աֆղանստանի իշխանությունները հրաժարվում Էին բանտերից ազատել ծայրահեղականների այդ խմբին, որոնք, Քաբուլի կարծիքով, ոչ միայն «Թալիբանի» կողմնակիցներ են, այլև կատարել ծանր քրեական հանցագործություններ: Ինչպես օգոստոսի 10-ին հայտնել է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը, միջաֆղանական բանակցությունները կսկսվեն օգոստոսի 16-ին Դոհայում: Ըստ փետրվարի 29-ին ԱՄՆ-ի հետ թալիբների ստորագրած համաձայնագրի՝ բանակցությունները պետք է սկսվեին տակավին մարտ ամսին, սակայն շարժումն իր անդամներին նախապես ազատ արձակելու պայման է դրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: