Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: «Առաջին լրատվական»-ն արդեն տեղեկացրել էր, որ մրցումների մեկնարկային օրը հայ ըմբիշները երկու մեդալ էին նվաճել` մինչև 74 կգ քաշային կարգում. աշխարհի չեմպիոն էր հռչակվել Ռաֆիկ Մանուկյանը: Մինչև 50 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալակիր էր դարձել Ռուդիկ Մկրտչյանը:
Երկրորդ օրը Հայաստանի հավաքականը նվաճեց նաև երկրորդ ոսկե մեդալը. մինչև 55 կգ քաշային կարգում Նարեկ Խաչատրյանը 1/8 եզրափակիչում պարտության մատնեց լիտվացի Ռամունաս Դագիսին, քառորդ եզրափակիչում հաղթեց Ճապոնացի Տոմոակի Նականոյին, կիսաեզրափակիչում առավելության հասավ Էլմուրադ Թասմուրադովի նկատմամբ, եզրափակիչում պարտության մատնեց իրանցի Մորադ Սամանին և հռչակվեց աշխարհի չեմպիոն: