Բելառուսում ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնելու պատճառով սկսված բողոքի ցույցերի երրորդ գիշերը ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ․ ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 6000-ի:
Ինչպես գրում է «Evropeyskaya Pravda»-ն, այս մասին հայտնել են Բելառուսի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
«Չթույլատրված զանգվածային միջոցառումներին մասնակցության համար ձերբակալվել է ավելի քան հազար մարդ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ օգնության է դիմել 51 քաղաքացի», – ասվում է հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ անվտանգության 14 աշխատակիցներ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ, նրանցից ոմանք հոսպիտալացվել են:
Այսպիսով, երկրում ընդամենը երեք օրվա ընթացքում տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում ձերբակալվել է մոտ 6000 մարդ:
Երկուշաբթի օրը ՆԳՆ-ն հայտնել էր 3000 ձերբակալվածի մասին, իսկ երեքշաբթի օրը՝ 2000 ձերբակալվածի մասին:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածների թվում եղել են Ուկրաինայի ինը քաղաքացի և Լեհաստանի երեք քաղաքացի: