Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:
Ինչպես հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, արտակարգ դրությունը շարունակում է գործել ՀՀ ողջ տարածքում մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17.00-ն: Նրա խոսքով՝ չնայած կորոնավիրուսի դրական դինամիկային, իրավիճակը լիովին հաղթահարված չէ. «Շատ պետություններ ստիպված են լինում վերադառնալ իրենց պայքարի 0-ական կետին»:
Ներկայացնելով կիրառվող մեղմացումները` Տիգրան Ավինյանը նշեց. «Սանիտարահամաճարակային կանոնները պետք է դարձնել վարքագծային կանոններ: Այսուհետ թույլատրվում է հավաքների և գործադուլների անցկացումը սահմանված կարգով` դիմակ կրելու և 1.5 մետր հեռավորության պահպանմամբ: Թույլատրվում է նաև ընտանեկան միջոցառումների կազմակերպումը. նախկինում գործող 5 հոգու փոխարեն կարող են մասնակցել 40 հոգի: Հանվել է օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը, բայց ցամաքային ճանապարհով սահմանափակումը շարունակում է գործել»:
Նրա խոսքով` փոխվել է թեստավորման ռազմավարությունը. «Առողջապահության նախարարությունը սելեկտիվ թեստավորում է անցկացնում ռիսկային խմբերում»:
Մանրամասն՝ տեսանյութում: