Լուրեր
ՍԴ դատավորների թեկնածուների շուրջ զարգացումներով հանրությունն իրականացնում է վեթինգ. ԲԴԽ անդամ
  • 09:30
  • 2020-08-12
  • Դիտումներ՝ *

ՍԴ դատավորների թափուր տեղերի համար կառավարությունն առաջարկել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի, հանրապետության նախագահն էլ՝  Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Նրանցից յուրաքանչյուրի առաջադրումից հետո հրապարակ նետվեցին նրանց անցյալի մասին վկայող վատ ու լավ դրվագներ:

Մասնավորապես, Դատավորների ընդհանուր ժողովի շուրջ ծավալվող կրքերը չեն հանդարտվում. քվեաթերթիկների թվի անճշտության մասին հայտարարություն տարածեց նաև հաշվիչ հանձնաժողովը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Դատավորների ընդհանուր ժողովում թեկնածուին ընտրել են ոչ արդար ճանապարյով: Այս առնչությամբ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես չեմ շտապի նման հայտարարություն անել, կսպասեմ դեպքերի ընթացքին: Ամեն դեպքում ցանկալի չէ, որ նման իրողության ենք հանդիպում Դատավորների ընդհանուր ժողովում»:

Մեր զրուցակցի համար զարմանալի է, որ դատավորներից որևէ մեկն այդ մասին չի բարձրաձայնել. «Դա ինձ թույլ է տալիս ենթադրելու, որ քվեաթերթիկների այդ տարբերությունը կա՛մ չի ազդել ընտրությունների արդյունքների վրա, և դատավորներն ըստ էության որևէ խնդիր դրանում չեն տեսնում, կա՛մ ինչ-որ ներքին պայմանավորվածությունների համաձայն որոշել են չբարձրաձայնել այդ հարցը: Ես կցանկանայի, որ դատավորները այդ առնչությամբ հստակ դիրքորոշում հայտնեին»:

Ինչ վերաբերում է ընդհանրապես առաջադրված թեկնածուների շուրջ տիրող աղմուկին, ԲԴԽ անդամն ասաց. «Մեր հանրության ամեն անդամ ունի իր պատկերացումը ամեն մի թեկնածուի վերաբերյալ, և բոլորն ուզում են, որ լինի այն թեկնածուն, որին ինքն է ուզում տեսնել: Եվ պարզ է, որ հանրությունը պետք է խոշորացույցով ուսումնասիրի ցանկացած թեկնածուի կենսագրությունը, անցած ճանապարհը»:

Գրիգոր Բեքմեզյանը, սակայն, հավելեց, որ այդ մարդիկ, մինչ թեկնածու դառնալը, պետք է հասկանան՝ արդյոք իրենք բավարարո՞ւմ են անձեռնմխելիության այն չափանիշներին, որոնցով պատրաստվում են ինչ-որ մարմնի թեկնածու դառնալ. «Եթե դու կասկածում ես քո մաքրությանը և շարունակում ես թեկնածությունդ պնդել, ապա թեկնածուի հետ կապված հարցեր են առաջանում»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *