
ՌԴ Հանրային պալատը հույս է հայտնել նոր՝ 7-րդ կազմով ևս շարունակել համագործակցությունը ՀՀ Հանրային խորհրդի հետ: Այս մասին հաղորդում են ՀՀ հանրային խորհրդի մամուլի ծառայությունից:
ՌԴ Հանրային պալատի գլխավոր քարտուղարի՝ միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Ա. Շկոլնիկը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ս. Սաֆարյանին ուղղված նամակով տեղեկացրել է, որ ՀՊ 7-րդ կազմն արդեն ձևավորված է. գլխավոր քարտուղար է ընտրվել Լ. Միխեևան:
Նոր կազմի անունից՝ Ա. Շկոլնիկը վստահություն է հայտնել, որ ՀՀ Հանրային խորհրդի հետ համագործակցությունը շարունակելու է մնալ միջազգային հարաբերությունների կարևորագույն ուղղություններից մեկը: «Հանրային պալատը հաստատում է առկա պայմանավորվածությունները և համոզմունք է հայտնում շարունակել համագործակցությունը նաև ապագայում: Հանրային պալատի անդամները պատրաստակամ են ներգրավվել երկկողմ և բազմակողմ համաժողովներում, ֆորումներում և գործունեության հիմնական ուղղություններին առնչվող այլ միջոցառումներում»,- ասված է նամակում:
ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը պատասխան նամակով շնորհավորել է ՀՊ նոր կազմին՝ նշանակումների և ընտրությունների կապակցությամբ և շնորհակալական խոսք ուղղել նախկին գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար: Ափսոսանք հայտնելով հետաձգված փոխայցերի համար, որոնք այս պահին անհնար են դարձել կորոնավիրուսային համավարակի պատճառով՝ Ս. Սաֆարյանը հույս է հայտնել, որ դրանք հնարավոր կդառնան համավարակային իրավիճակի մեղմացումից անմիջապես հետո: Մինչ այդ, ռուսական կողմին առաջարկվել է փոխգործակցության հիմնական ուղղությունների շրջանակում կազմակերպել առցանց կոնֆերանս: Առաջիկայում կհստակեցվեն այն թեմաները, որոնց շուրջ այս ձևաչափով հնարավոր քննարկումները կարող են արդյունավետ լինել: