Ռուսաստանի և Վրաստանի միջև ծագած պատերազմից անցել է 12 տարի: 5 օր տևած պատերազմը հիմնարար փոփոխությունների հանգեցրեց թե՛ տարածաշրջանում, թե՛, ըստ էության, նաև աշխարհակարգում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի և վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ:
«Ակնհայտ է, որ սա մի դեպք էր, երբ մեզ համար երկու բարեկամ երկրներ միմյանց հետ կոնֆլիկտի մեջ էին՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և մեր բարեկամ, մեր հարևան Վրաստանը: Երկուսն էլ շատ կարևոր պետություններ են Հայաստանի համար, յուրաքանչյուրն իր ձևով… Դժվար իրավիճակ էր հայկական դիվանագիտության համար: Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կան լուրջ հակասություններ թե՛ տարածաշրջանային երկրների, թե՛ ավելի գլոբալ ուժային կենտրոնների միջև: Մինչ այժմ Հայաստանը կարողացել է, երբեմն մի քիչ ավելի լավ, երբեմն մի քիչ ավելի վատ, խուսափել ինչ-որ կողմ գրավելուց, որը մեզ համար, բնականաբար, անընդունելի է»,- ասաց Զոլյանը:
Մեր զրուցակցի խոսքերով՝ այս պայմաններում մեզ համար կարևոր է ցանկացած գործընկերություն, այստեղից էլ գալիս է այն սկզբունքը, որի մասին այժմ խոսում ենք. մեր հարաբերությունները որևէ գործընկերոջ հետ չեն կառուցվում այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին, կարծում եմ՝ այս իրավիճակը միջազգային հարաբերություններում սկսվեց հենց 2008թ., մինչ այդ որակապես այլ իրավիճակ էր:
Ջոնի Մելիքյանն իր հերթին ասաց, որ 2008թ. օգոստոսին տեղի ունեցած իրադարձություններն ունեին իրենց նախադրյալները: «Այդ պատերազմն ունեցավ անդառնալի ազդեցություն տարածաշրջանի վրա, և ճանաչումը, որն այդ ժամանակ եղավ, արդեն ինչ-որ չափով բաժանեց ժամանակը մինչ ճանաչում և ճանաչումից այսօր: Եվ այսօրվա աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի պարագայում, որը գոյություն ունի Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում, տարածաշրջանում, թույլ չի տալիս մտածել, որ ինչ-որ մի բան կարող է փոխվել, ուստի բավականին բարդ է պատկերացնել, որ կարող են զարգացումներ լինել ռուս-վրացական հարաբերություններում, թեպետ 2012թ. Վրաստանում իշխանափոխությունից հետո որոշակի զարգացումներ եղան»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: