Լուրեր
Լիբանանը Հայաստանի համար փորձաքար է լինելու. այն ցույց կտա, թե որքանով ենք պատրաստ հայրենադարձությանը
  • 22:00
  • 2020-08-06
  • Դիտումներ՝ *

Բեյրութում տեղի ունեցած պայթյունը մարտահրավեր է ոչ միայն Բեյրութի, այլ նաև Հայաստանի համար, քանի որ այնտեղ կա հոծ հայկական համայնք, որն ունի աջակցության կարիք: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունից զոհվել է 135 մարդ, այդ թվում՝ 11 հայ, 5000 մարդ վնասվածք է ստացել, այդ թվում՝ 250 հայ, մոտ 2500 մարդ մնացել է անօթևան:

Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսել է Լիբանանի հայ համայնքի կարիքների գնահատման և վերլուծության գործընթացը: Ինչպե՞ս է Հայաստանն օգնելու հայ համայնքին և ինչպես է օժաանդակելու Լիբանանի եղբայրական ժողովրդին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:

«ԼԻբանանում վերջին տարիներին առկա էր խոր տնտեսական ճգնաժամ, համավարակի հետևանքով այն ավելի խորացավ և հիմա էլ՝ այս պայթյունից հետո վիճակը վատթարացավ: Մենք փորձում ենք ստանալ Լիբանանի հայկական համայնքում առկա կարիքների ամբողջական պատկերը… Նախատեսվում է մեկնել Բեյրութ, այցելության նպատակներից մեկը տեղում կարիքները գնահատելն է»,- նշեց Զարեհ Սինանյանը:

«Հայաստանը պատրաստ է համակողմանի օգնություն հասցնել Լիբանանին,- նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը՝ հավելելով, որ Լիբանանը այն յուրահատուկ երկրներից է, որ Ցեղասպանությունից հետո հանգրավն է տվել Եղեռնից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին, նաև տասնամյակներ շարունակ դարձել է Սփյուռքի սիրտը, որտեղ հայկական մշակույթը կարողացել է վերապրել:

«Լիբանանը Հայաստանի համար լինելու փորձաքար, այն ցույց է տալու, թե որքանով ենք պատրաստ հայրենադարձությանը»,- ընդգծեց Զարեհ Սինանյանը:

  • Դիտումներ՝ *