ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիպում է ունեցել ամերիկացի գեներալների հետ, որի ժամանակ նրանք Բեյրութում տեղի ունեցած պայթյունը հարձակում են անվանել: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։
«Նրանք կարծես թե ենթադրում են, որ դա հարձակում է եղել, ինչ-որ ռումբ», – ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի խոսքով, դատելով պայթյունի բնույթից, Բեյրութում տեղի ունեցածը նման էր հարձակման: Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ միջադեպը «ինչ-որ արդյունաբերական պայթյուն չի եղել»:
Ավելի վաղ Թրամփը Բեյրութում տեղի ունեցած պայթյունը «սարսափելի գրոհ» էր անվանել և հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Լիբանանին:
Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի ՆԳՆ հայտարարել է, որ պայթել է նավահանգստի պահեստում պահվող ամոնիակի նիտրատը: Քաղաքի շատ թաղամասեր են տուժել, քաղաքային հիվանդանոցները չեն հասցնում օգնություն ցուցաբերել բազմաթիվ տուժածներին:
Ըստ նախնական տվյալների, պայթյունի զոհ է դարձել մոտ 100 մարդ, վիրավորվել է ավելի քան 3.5 հազար մարդ:Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։