Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ հրավիրվել էր ԱԱԾ՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու։ ԱԾԾ-ից դուրս գալուց հետո Արթուր Վանեցյանը լրագրողներին ասել է, որ դեռ չկա հարուցված գործ և որ ինքը որևէ կարգավիճակ չունի։ Նա նաև ասել է, որ որևէ պարտավորություն չուներ գալու, բայց, հարգելով ինստիտուտը, այցելել է և հրաժարվել բացատրություն տալ:
Երեկ մամուլը գրել է, որ Վանեցյանը դժգոհել է, որ ԱԱԾ կողմից իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ կերպ ԲՀԿ-ն չի արձագանքել և չի աջակցել իրեն։ Ուստի «Հայրենիք»-ի ու ԲՀԿ-ի կապը վերջնականապես խզվել է: ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը տարբեր շրջանակներում բողոքում է, որ Ծառուկյանը անջատել է իրեն հայտնի բոլոր հեռախոսահամարները և անցել խորը ընդհատակ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եռյակի ձևաչափում իրենց գործակցությունը նորմալ շարունակվում է․»Աշխատանքային հանդիպումները պարբերական են, այնպես որ այս տեղեկատվությունը որևէ կերպ իրականությանը չի համապատասխանում»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։