Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր

Թուրքիայի սադրիչ կեցվածքը խաթարում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը. Եգիպտոսում ՀՀ դեսպան

Թուրքիայի սադրիչ և կողմնակալ կեցվածքը լրջորեն խաթարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և հաստատում է, որ Թուրքիան չի կարող ներգրավվել խնդրի կարգավորմանն ուղղված որևէ միջազգային նախաձեռնության՝ հատկապես և առաջին հերթին ԵԱՀԿ շրջանակներում։  Այս մասին նշել է Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը «Ալ-Ախբար» օրաթերթին տված հարցազրույցում:

-Ի՞նչն էր վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառը։

-Հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հարձակումը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելու փորձ էր։ Կարծում եմ, որ մենք ցույց տվեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի միայն մեկ հանգուցալուծում, որը հիմնված է ներգրավված բոլոր կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի կողմից փոխզիջումների սկզբունքի վրա։

Միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանի նման պահվածքը պայմանավորված է մի շարք պատճառներով՝ ներքին և արտաքին։ Ադրբեջանի ղեկավարության համար փորձարկված գործելաոճ է, հասարակության ուշադրությունն ահռելի սոցիալական և տնտեսական խնդիրներից շեղելը՝ համավարակից, սոցիալական անարդարությունից, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտումներից և այլն։ Կա ևս մեկ կարևոր հանգամանք, վերջին երկու տասնամյակների ընթացքում ադրբեջանական ղեկավարությունը սեփական հասարակությունը սնում է հակահայկական քարոզչությամբ։ Հակահայկական քաղաքականությունը դարձել է Ադրբեջանի պետականության հիմնասյուներից մեկը։ Հայի՝ որպես թշնամու կերպարը ներարկվում է Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ ողջ կյանքի ընթացքում, սկսած մանկապարտեզից մինչև կրթական և ոչ միայն կրթական հաստատությունները։ Հանրային ելույթները, ֆիլմերը, դասագրքերը, պատկերները, այն ամենն ինչն ունի պարտադիր բնույթ, պարունակում է հակահայկական տարր։ Եվ այսօր ադրբեջանական իշխանությունները մի կողմից փորձում են օգտագործել հակահայկական քարոզչության արդյունքը, մյուս կողմից դարձել են դրա պատանդը։ Ադրբեջանի բնակչությունը ցանկանում է տեսնել հսկայածավալ ռազմական ծախսերի արդյունքը և սեփական կառավարության ռազմաշունչ խոստումների իրականացումը։ Ընդամենն օրեր առաջ Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցավ զանգվածային ցույց, որի ընթացքում հազարավոր երիտասարդ ցուցարարներ, հիասթափված ևս մեկ ռազմական ձախողումից, պահանջում էին պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Այսպիսով, արդեն հասարակական կարծիքը նույնպես դրդում է Ադրբեջանին ռազմական արկածախնդրությունների։ Հիմնական արտաքին գործոնը, ինչպես նշել էի, Թուրքիայի ազդեցությունն է։ Անշուշտ սա ամենակարևոր գործոնն է, առանց Թուրքիայի աջակցության Ադրբեջանը չէր համարձակվի գնալ իրավիճակի սրացման։

-Կան արդյո՞ք հրադադարի հաստատման կամ միջնորդության որևէ առաջարկություններ։

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որն ունի հայաբնակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև միջնորդական առաքելություն իրականացնելու միջազգայնորեն ճանաչված մանդատ, հրադադարի հաստատման բանակցությունների միակ հարթակն է Հայաստանի համար, քանի որ այն հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը։ Հարկավոր է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագները (ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան) կուտակել են միջնորդական առաքելություն իրականացնելու հսկայական փորձ՝ մի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի և մյուս կողմից Ադրբեջանի միջև։

ՀՀ արտաքին գործերի նախարարը, վարչապետի և պաշտպանության նախարարի հետ աշխատանքների համակարգմամբ, մշտական կապի մեջ է գտնվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրավիճակը և էսկալացիայի հետևանքները։

Ներկայումս ադրբեջանական կողմը, հակադրվելով ԵԱՀԿ ՄԽ սադրիչ գործողություններից և բորբոքող հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարը պահպանելու կոչերին, մշտապես դիմում է ուժի կիրառման սպառնալիքին և իրավիճակի լարվածությանը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար մերժում է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների տեղակայումը։ Ինքներդ դատեք իրավիճակի մասին։

Մենք շարունակելու ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ հետապնդելով բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի լուծման նպատակը։ Պատերազմը ճիշտ տարբերակ չէ։

-Ինչպիսի՞ն է հայկական կողմի գնահատականը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններին։

– Թուրքիան շարունակաբար խիստ բացասական դերակատարում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում, պաշտպանելով ադրբեջանական իշխանությունների գործողությունները Հայաստանի հետ սահմանում և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակի ապակայունացման ուղղությամբ։ Թուրքական իշխանությունները, ներառյալ՝ նախագահը, արտաքին գործերի և ազգային պաշտպանության նախարարները, հրապարակել են մի շարք հայտարարություններ ադրբեջանական զինված ուժերի վերջին ռազմական սադրանքների վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իր բոլոր միջոցներով շարունակելու է աջակցել Ադրբեջանին։ Պաշտպանության նախարարությունն իր հերթին հաստատել է, որ Թուրքիան կշարունակի տրամադրել ողջ հնարավոր օժանդակությունը և աջակցությունն իր ամենից մերձավոր դաշնակից Ադրբեջանին Հայաստանի դեմ գործողություններում՝ «մեկ ժողովուրդ երկու պետություն» սկզբունքի հիման վրա։

Հասկանալու համար, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում, յուրաքանչյուրը պետք է մտապահի, որ Թուրքիան և Ադրբեջանը բոլոր ուղղություններով հանդես են գալիս գործողությունների սերտ համադրությամբ։ Հայտարարությունները, ոչ միայն պարունակում են Ադրբեջանին անվերապահ աջակցություն, այլ նաև ցուցադրում են Հարավային Կովկասում Թուրքիայի բացահայտ հավակնությունները, ինչը Թուրքիայի նախագահը և այլ պաշտոնյաները փորձում են առարկայացնել՝ հղում կատարելով տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» մտքին։ Փաստն այն է, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանի արկածախնդիր ռազմատենչությանը։ Հարևան տարածաշրջանների հակամարտություններում խառնակչությունները դարձել են թուրքական դիվանագիտության ավադական գործելաոճը։ Շրջանառելով իր պատմական առաքելությունն ու էթնիկ կամ կրոնական կապվածությունը՝ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը հարևան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելք, Արևելյան Միջերկրական և Հյուսիսային Աֆրիկա՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ շրջաններում բնակվող ժողովուրդներին։

Ավելին, Թուրքիայի սադրիչ և կողմնակալ կեցվածքը լրջորեն խաթարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և հաստատում է, որ Թուրքիան չի կարող ներգրավվել խնդրի կարգավորմանն ուղղված որևէ միջազգային նախաձեռնության՝ հատկապես և առաջին հերթին ԵԱՀԿ շրջանակներում։

Հայաստանը խստորեն դատապարտում է մեր տարածաշրջանում անկայունության սփռման թուրքական փորձերը և հաստատում է, որ շարունակելու է միջազգային և տարածաշրջանային խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված կառուցողական աշխատանքները, այս ուղղությամբ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ։

-Համարու՞մ եք Թուրքիայի հայտարարությունները որպես պատասխան հայերի բնաջնջման ճանաչման գործում ԱՄՆ, Ֆրանսիայում և այլ երկրներում Հայաստանի արձանագրած հաջողությունների արդյունք։

– Վստահ եմ, որ խնդիրն ավելի տարողունակ է, և թուրքական թշնամական վերաբերմունքը ոչ թե ընդամենը վերաբերմունք է այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Հայկական պետականության պարագայում թուրքական թշնամական քաղաքականությունն ունի այլ հիմքեր։ Չնայած երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու Հայաստանի փորձերին, դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն և Հայաստանի ապօրինի շրջափակումը դեռ շարունակվում է։ Եվ այսօր՝ 21-րդ դարում, թուրքական ղեկավարությունը մեր տարածաշրջանում կառուցում է իր քաղաքականությունը Ադրբեջանի հետ ազգակցության, Հայոց ցեղասպանության արդարացման և հանցագործության անպատժելիության ավանդույթներով։ Ցավալիորեն հակահայկական քաղաքականությունն ակնհայտորեն թուրք-ադրբեջանական համատեղ ռազմավարական աշխարհընկալման մասն է։ Անդրադառնալով տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նշեմ որ դա բնականոն և կարևոր գործընթաց է, ինչը գնահատվում է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Ցեղասպանության ճանաչումը ապագա ցեղասպանությունների կանխարգելումն է։ Իհարկե, Թուրքիան հակադարձում է ճանաչման յուրաքանչյուր դեպքի, քանի որ այն ցնցում է թուրքական պետականության հիմքերը, որը հեղեղված է արյամբ։

Արդյո՞ք փաստվել է Հայաստանի հետ հակամարտությունը թեժացնելու համար թուրքական ռազմական օժանդակությունը Ադրբեջանին։

– Այո, մենք ունենք փաստեր և դա մեկանգամյա աջակցություն չէ։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև լիակատար ռազմական համագործակցության գոյությունն անհերքելի փաստ է։ Այս առումով, ես կցանկանայի վերադառնալ այսպես կոչված «պատմական առաքելությանը» տարածաշրջանում։ Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար։ Շատ պարզ է։ Հաշվի առնելով պատմության դասերը՝ Հայոց ցեղասպանությունը, 1918-20թթ. ընթացքում Հայաստանի Առաջին հանրապետության դեմ պատերազմները, Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հայկական տարածքներ ներխուժման չիրականացված ծրագրերը, և այսօրվա իրողությունը՝ տնտեսական շրջափակումը, Ադրբեջանին անվերապահ աջակցությունը, թուրքական «պատմական առաքելության» իրականացումը նշանակում է հայկական պետականության և հայ ժողովրդի ոչնչացում։

Լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կապված է Ռուսաստանի հետ որոշ հարցերում նրա անհամաձայնության հետ, հատկապես, որ Ռուսաստանը և Հայաստանը կապված են բազմաթիվ տնտեսական, քաղաքական, ռազմական համաձայնագրերով։ Ինչպե՞ս դա կմեկնաբանեք։

-Իհարկե, մենք չենք կարող քննարկել տարածաշրջանային զարգացումներն առանց ուշադրություն դարձնելու միջազգային իրադրությանը։ Ռուսաստանը Հայաստանի սերտագույն դաշնակիցն է, ավանդական դաշնակիցը, որն ունի շատ ծանր և բարդ հարաբերությունների պատմություն Թուրքիայի հետ։ Վերջին տարիներին Անկարայի ծավալապաշտական քաղաքականությունը ցույց է տալիս, որ Թուրքիան օգտագործում է յուրաքանչյուր գործիք, յուրաքանչյուր առիթ, տարածելու իր ազդեցությունը՝ կարծես փորձելով վերականգնել Օսմանյան կայսրությունը։ Ակնհայտ է, որ թուրքական ղեկավարության քաղաքականությունը, որը սպառնում է Մերձավոր Արևելքին, Արևելյան Միջերկրականին, Հյուսիսային Աֆրիկային և Հարավային Կովկասին, հաճախ կոչվում է նեոօսմանիզմ։

Հակադրվում են արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն սահմանելուն ուղղված Ադրբեջանի փորձերը տեղի բնակչության ցանկություններին։

-Կցանկայի նշել, որ Լեռնային Ղարաբաղը տարածք չէ, այլ անկախ երկիր՝ պետության համար բոլոր կենսական ատրիբուտներով՝ բնակչություն, տարածք, կառավարություն և ինքնիշխանություն։ Արցախ անունով այս շրջանը կազմել է պատմական Հայաստանի մի մասը՝ այն պատմական Հայաստանի 10-րդ նահանգն էր։ Հայերը Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակվում են ավելի քան 2500 տարի։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլը սկսվել է 1980-ականների վերջին, երբ ադրբեջանական իշխանությունները նպատակադրվեցին դուրս մղել շրջանում մեծամասնություն կազմող հայկական ազգաբնակչությանը։ Նույնիսկ, մինչ այդ՝ ողջ խորհրդային շրջանում Ադրբեջանը կիրառել է հայերի տեղահանության քաղաքականություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղից։ Առաջինի դեպքում դա հաջողվեց, մյուսի դեպքում՝ ձախողվեց։ Կարևոր է արձանագրել, որ նախքան Խորհրդային միության փլուզումը, 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հանրաքվեի միջոցով հռչակել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապատությունը, ինչը լիովին համապատասխանել էր այն ժամանակվա ԽՍՀՄ սահմանադրության տառին և ոգուն։ Այսպիսով Խորհրդային Ադրբեջանի տարածքում ստեղծվել էին երկու հավասարազոր պետական միավորներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությչունը և Ադրբեջանի Հանրապետությունը։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի բնակչության հստակ ցանկությունն արտահայտվել է վերը նշված հանրաքվեի միջոցով։ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պատերազմը բռնկվեց ադրբեջանական իշխանությունների պատերազմելու որոշմամբ։ Այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչությունը համոզված է, որ այն օրը երբ Ադրբեջանը հսկողություն կսահմանի իրենց երկրի վրա, նրանք կկորցնեն ամեն ինչ, ընդհուպ՝ կյանքը։ Չկա այլ տարբերակ, քան պաշտպանել ազատությունը։

Ադրբեջանի հետ բախումների կապակցությամբ ի՞նչ աջակցություն է ակնկալում Հայաստանն իր միջազգային բարեկամներից, այդ թվում նաև Եգիպտոսից։

– Մենք ունենք պաշտպանվելու սեփական հնարավորությունները։ Հայաստանը հանդիսանում է նաև ՀԱՊԿ անդամ, տեղին է նշել նաև ՆԱՏՕ և շատ այլ գործընկերների հետ համագործակցությունը։ Հայաստանը բավականին գործընկերներ ունի միջազգային հանրության շրջանում և իհարկե Եգիպտոսը կարևոր բարեկամներից է։ Մենք շնորհակալ ենք բոլոր բարեկամներից և գործընկերներից աջակցության և համագործակցության համար։

Ի՞նչ դերակատարում ունեն եգիպտահայերը Եգիպտոսի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։

– Եգիպտոսի հայկական համայնքը գոյություն ունի դարեր շարունակ։ Հայոց ցեղասպանությունից հետո Եգիպտոսը նոր հայրենիք դարձավ հազարավոր հայերի համար, որոնց հաջողվել էր վերապրել արհավիրքը։ Եգիպտոսի հյուրընկալությունը և եգիպտական հողում հայերի կառուցողական դերակատարումը միահյուսել են մեր ժողովուրդների ճակատագրերը։ Նույնիսկ այսօր՝ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, հայկական համայնքը վստահելի միջնորդ է հայ-եգիպտական հարաբերություններում։ Սա մի կապ է, որը տնտեսապես և մշակութային առումով հարստացնում է Հայաստանը և Եգիպտոսը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում