Բելառուսական ԲԵԼՏԱ պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը իրավապահներն ավելի քան 30 ՌԴ քաղաքացու են ձերբակալել: Նշվում է, որ նրանք, այսպես կոչված, Վագների ՄԶԸ-ի մարտիկներ են:
«Տեղեկատվություն է ստացվել, որ մեր տարածք ավելի քան 200 զինյալ է ժամանել՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ իրավիճակն ապակայունացնելու նպատակով», գործակալությունը մեջբերում է իրավապահ մարմինների հաղորդագրությունը: Հուլիսի 27-ին մի խումբ ռուսաստանցիներ տեղավորվել են Մինսկի մերձակայքում գտնվող առողջարաններից մեկում: «Ըստ առողջարանի աշխատակազմի, նորեկներն ուշադրություն են գրավել ռուսաստանցի զբոսաշրջիկներին ոչ բնորոշ վարքագծով և միօրինակ զինվորական ոճի հագուստով: Նրանք ալկոհոլ չեն օգտագործել, չեն հաճախել զվարճանքի հաստատություններ, ձգտել են ուշադրություն չգրավել»: Արդյունքում, նրանք ձերբակալվել են հատուկ նշանակության ուժերի կողմից, և նրանց դեմ «ստուգում է իրականացվում»: Իսկ թե ինչի հիման վրա է եզրակացություն արվել, որ նրանք հենց Վագների ՄԶԸ-ի մարտիկներ են՝ հայտարարության մեջ չի նշվում:
Բելառուսական հեռուստատեսությունը ՄԶԸ-ի մարտիկների կալանավորման գործողության տեսանյութ է հրապարակել:
Ռուսաստանի պաշտոնյաները դեռ չեն մեկնաբանել ՌԴ քաղաքացիների կալանավորման մասին հաղորդագրությունը: