Թուրքիայում խալիֆայությունը վերականգնելու կոչով հանդես է եկել «Gerçek Hayat» («Իրական կյանք») շաբաթաթերթը, որն ընդգրկված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մտերիմ հարաբերություններով հայտնի «Albayrak Medya Grubu»-ի կազմում: Պարբերականի հուլիսի 27 – օգոստոսի 2-ի համարը լույս է տեսել առաջին էջում «Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ, եթե ոչ դու, ապա ո՞վ։ Համախմբվեք հանուն խալիֆայության» գրությամբ։
«Gerçek Hayat»-ի առաջին էջն առանց որևէ մեկնաբանության սոցցանցի իր էջում է տեղադրել թուրքական «Yeni Akit» ազգայնական ուղղվածություն ունեցող պարբերականի սյունակագիր Աբդուրահման Դիլիփաքը։ Իսկ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեհմեթ Մեթիները դա սադրանք է անվանել Սուրբ Սոֆիայի տաճարը երկրորդ անգամ մզկիթի վերածելու ֆոնին։
Թուրքիայում խալիֆայությունը պաշտոնապես վերացվել է Թուրքիայի Հանրապետությոան հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ 1924թ.-ի մարտի 3-ին։