Ինչպես դուրս գալ ամոթալի իրավիճակից. «Հրազդան»-ի վերակառուցումը՝ հասարակական պահանջ

Հայկական ֆուտբոլում ստեղծված լարված իրավիճակի հետևանքով կարծես երկրորդ պլան է մղվել կարևորագույն խնդիրներից մեկը։ Խոսքը միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադաշտի մասին է, որը մենք չունենք։ Արդեն 20 տարի մեր ազգային թիմը ելույթ է ունենում 16 հազար հանդիսականների համար նախատեսված «Հանրապետական»-ում։ Ընդունենք, որ այսօր ազգային հավաքականի մակարդակով հանդիպումները «Հանրապետական»-ում անցկացնելը ոչ միայն անհարմար է, այլև ամոթալի։

Դեռևս անցյալ տարվա հուլիսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանը, որն այժմ գտնվում է կալանքի տակ, հայտարարել էր մեր երկրում Ազգային մարզադաշտի կառուցման հստակ ծրագրերի մասին: Մասնավորապես, Լոռեցյանը նշել էր, որ նախարարությունը պաշտոնապես ստացել էր օտարերկրյա ներդրումային ծրագրի առաջարկ, որի համաձայն՝ կծախսվի շուրջ 300 միլիոն դոլար: Ըստ ԿԳՄՍ-ի նախկին փոխնախարարի՝ առաջարկը փոխանցվել էր համապատասխան պետական մարմիններին՝ հետագա ընթացք տալու համար: Խոսվում էր նույնիսկ, որ Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Հրազդան» մարզադաշտից ոչ հեռու, Դալմայի այգիների տարածքում։ Լոռեցյանի հայտարարությունից արդեն անցել է մեկ տարի, սակայն Ազգային մարզադաշտ կառուցելու մասին նույնիսկ ակնարկներ չենք լսում։ Կարծում ենք՝ պարզ է, որ այս նախագիծը տարբեր պատճառներով ձախողվել է։

Ավելի ուշ ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանն էր հայտարարել, որ նոր՝ Ազգային մարզադաշտը կկառուցվի Երևանից դուրս։ Ազգային մարզադաշտ Երևանից դուրս կառուցելու վերաբերյալ ևս այսօր ակնարկներ չկան, ինչը ստիպում է ենթադրել, որ ժամանակակից ստադիոն ունենալու հեռանկարը մշուշոտ է։ Ժամանակակից մարզադաշտ ունենալը Վանեցյանը համարում էր իր կարևորագույն առաքելություններից մեկը։

Խնդիրը կարևորել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ազգային ստադիոնը հնարավորություն կտա մեր երկրում անցկացնելու միջազգային բարձր մակարդակի հանդիպումներ։ Այո, այսօր մարզադաշտից ավելի կարևոր խնդիրներ կան։ Համաճարակի պատճառով սպասվում է տնտեսական անկում, բայց… Այս սկզբունքով առաջնորդվելու պարագայում մենք ժամանակակից մարզադաշտ երբեք չենք ունենա, քանզի ցանկացած ժամանակաշրջանում կլինեն խանգարող հանգամանքներ։

Ստեղծված իրավիճակում կրկին հարկ ենք համարում անդրադառնալու «Հրազդան» մարզադաշտին, որը հայկական ֆուտբոլի սիմվոլներից մեկն է։ Տարիներ շարունակ «Հրազդան»-ի վերակառուցումը եղել է հասարակական պահանջ։ Այսօր ևս ոչ միայն ֆուտբոլասերներն են հույսեր փայփայում, որ մի օր «Հրազդան»-ում բարձրակարգ ֆուտբոլ կդիտեն։ Երևանն ունի բացառիկ ֆուտբոլային կառույց, որի վերակառուցումը պետք է դառնա օրակարգային խնդիր։ Ի դեմս «Հրազդան»-ի՝ մենք վաղուց արդեն ունենք ազգային ստադիոն, որն անհրաժեշտ է վերակառուցել։

Անցյալ տարի անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտի վերակառուցմանը՝ Արթուր Վանեցյանն ասել էր. ««Հրազդան» մարզադաշտն իր մեջ մեծ պատմություն է պարունակում: Այս ստադիոնն ունի սեփականատեր: Նրա հետ երկու-երեք անգամ հանդիպել ենք, բանակցել ենք: Վերակառուցումը մեծ գումարների հետ է կապված: Այդ գումարները որևէ կերպ ֆուտբոլի ֆեդերացիան չի կարող ներդնել մեկ պարզ պատճառով՝ ՀՖՖ-ն չունի այդքան գումար: Դա պետք է լինի մասնավոր միջոցներով: Ներդրող, որը կներդնի այդքան գումար և կկառուցի մարզադաշտը: Այս ուղղությամբ նույնպես տարվում են աշխատանքներ: ՀՖՖ-ն նույնպես փնտրում է ներդրողներ, որոնք կցանկանան վերակառուցել «Հրազդան»-ը: Մենք պատրաստ ենք աջակցել: Սակայն պետք է նշեմ, որ մասնագետների գնահատականով՝ «Հրազդան»-ը իր տեխնիկական բնութագրով, որքան էլ վերակառուցենք, չի կարող համապատասխանել այն միջազգային չափանիշներին, որն անհրաժեշտ է նոր ստադիոնի համար: Այսինքն՝ այդ մարզադաշտում կկարողանանք անցկացնել միայն ներքին առաջնության հանդիպումներ: Նույնիսկ եթե վերակառուցենք «Հրազդան»-ը, ապա չենք կարող Երևանում ընդունել միջազգային հանդիպումներ: Ամբողջ խնդիրը դա է»:

Որպեսզի «Հրազդան» մարզադաշտի հետ կապված քննարկումները և հարցադրումները վերջնական սպառիչ պատասխան ստանան, ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը խնդրում ենք տալ հետևյալ հարցերի պատասխանը. ինչպե՞ս է ստացվում, որ նախկին ԽՍՀՄ երկրների մայրաքաղաքների գլխավոր մարզադաշտերը հնարավոր եղավ համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին, իսկ «Հրազդան»-ը հնարավոր չէ: Բաքվի, Թբիլիսիի, Մոսկվայի, Կիևի, Մինսկի գլխավոր մարզադաշտերը վերակառուցվելուց հետո այսօր ընդունում են աշխարհի և Եվրոպայի առաջնության եզրափակչի, Եվրոպա լիգայի եզրափակչի, Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումներ: Մի՞թե «Հրազդան» մարզադաշտը իր ենթակառուցվածքով այդ աստիճան զիջում է Բաքվի «Օլիմպիական» կամ Թբիլիսիի Բորիս Փայչաձեի անվան «Թբիլիսի-Արենա» ստադիոններին: Որո՞նք են այդ չափանիշները, որոնք չեն բավարարում «Հրազդան»-ին: