Այս պահին «Վիշապների այգում» շարունակվում են ցանկապատման և հողի փորման աշխատանքները: Երեկ երեկոյան տարածքի բնակիչները ահազանգել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին այգում կատարվող աշխատանքների մասին, որից հետո Ստեփան Սաֆարյանը այցելել է այգի: Այսօր արդեն տարածքից հանված էին կոթողները, իսկ մինչ այդ կտրված ծառերը տեղափոխվել են:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները երեկ պայմանավորվել էին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, որոնք խոստացել են այսօր ժամը 16:00-ից հետո ներկայացուցիչ ուղարել «Վիշապների այգի»: Սակայն մինչ այժմ վերոնշյալ գերատեսչություններից և ոչ մեկի ներկայացուցիչը չի այցելել այգի: Տարածքի բնակիչները ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ քանդում են այգու ցանկապատերը: