Վրաստանում կորոնավիրուսի նոր հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 24-ով և հասել՝ 1073-ի. իշխանությունների ներկայացուցիչները խուճապի համար հիմքեր չեն տեսնում հիվանդացածների թվի կտրուկ աճի պատճառով: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Ախտահարման նոր դեպքերի մասին տվյալները հրապարակվել են հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության կայքում: Վերջին ամսվա ընթացքում մեկ օրում Վրաստանում սովորաբար հայտնաբերվել է վարակման երկուսից մինչև 11 դեպք. ամենից հաճախ ախտահարման աղբյուրները եղել են բեռնատար ավտոմեքենաների վարորդները: Հուլիսի 21-ին հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ համաճարակային ոչ մեծ բռնկում է գրանցվել Գարդաբանի մունիցիպալիտետի գյուղերում, որտեղ սկսվել է բնակչության ակտիվ թեստավորումը:
Վարակվածության կտրուկ ավելացումը իշխանությունները կապում են մունիցիպալիտետում հատկապես զանգվածային թեստավորում սկսելու հետ: «Ախտահարվածների այսօրվա տվյալներն ուշադրություն են պահանջում, բայց դա չի նշանակում, որ իրադրությունն անվերահսկելի է: Խուճապի համար հիմքեր չկան»,- լրագրողներին հայտարարել է Տիկարաձեն: Կառավարության կայքի տվյալներով՝ կարանտինի մեջ գտնվողների թիվը կազմել է 5 692, իսկ ստացիոնարներում՝ 275, մահվան դեպքերը 16-ն են: