Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների շարքում գտնվող գրոհայինները մոտակա օրերին թուրք զինվորականների կողմից կարող են ուղարկվել՝ աջակցելու Ադրբեջանի բանակին: Այս մասին գրում է TASS-ը՝ հղում անելով «Ֆիրատ» քրդական գործակալությանը:
«Թուրքիան պատրաստվում է փոխադրել, այսպես կոչված, Սիրիական ազատ բանակի գրոհայիններին Ադրբեջան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վարձկանների ենթադրյալ թվի և Ադրբեջան ուղարկման ժամկետների մասին մանրամասներ չեն նշվում:
Տավուշի մարզում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտությունը սկսվել է հուլիսի 12-ին: Երևանը մեղադրել է Բաքվին սահմանային տարածքում հենակետի գրավման փորձի մեջ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ Հայաստանի ԶՈՒ-ն սկսել է գնդակոծել իրենց դիրքերը: Երկու երկրներից հակամարտության զոհեր են դարձել զինվորականները:
Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիության երկրները և մի շարք այլ երկրներ կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցություններին: Թուրքիան, իր հերթին, բացահայտ աջակցել է Բաքվին՝ Հայաստանին մեղադրելով հակամարտության սրման մեջ: