Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ եւ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությանը: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակը Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի քննարկումն է: Մինչ այդ, սակայն, հստակ պետք է արձանագրել, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը լարվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետեւանքով: