Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կրկին վերածվել է բաց պատերազմի, գրում է Forbes-ը:
Ինչպես նշում է հոդվածագիր Դևիդ Հեմբլինգը՝ Ադրբեջանը սպառնում է օգտագործել իր հնարավորությունները՝ հարվածելու Հայաստանի միակ ատոմային էլեկտրակայանին։
Պարբերականը հաղորդում է նաև խոցված 13 անօդաչու թռչող սարքերի, առնվազն 16 զոհերի, և հարվածային ԱԹՍ-ներով Բերդի շրջանի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստերի մասին։
«Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ ադրբեջանական դրոնները գրոհել են Բերդ քաղաքի քաղաքացիական օբյեկտների վրա: Մարտերը, կարծես, դադարեցվել են, բայց իրավիճակը լարված է: Ադրբեջանում հազարավոր ցուցարարներ են դուրս եկել փողոցներ՝ ի նշան աջակցության ռազմական ուժով Լեռնային Ղարաբաղը վերցնելու»,- նշում է Forbes-ը:
Ամենատագնապալի զարգացումն Ադրբեջանի ՊՆ խոսնակի հնչեցրած աղետի սպառնալիքն է, նշում է հոդվածագիրը, հավելելով, որ աղետը կարող է տարածվել Կովկասից դուրս։
«Մեծամորի ատոմային էլեկտրակայանը կառուցվել է նույն ժամանակ, ինչ Չեռնոբիլինը՝ 1970-ական թվականներին: Այն փակվել էր 1988 թվականի երկրաշարժից հետո, և կրկին վերաբացվել է 1994 թվականին»:
Նշվում է, որ այս սպառնալիքը հնչեցվել է Մինգեչաուրի ջրամբարի վերաբերյալ իբր Հայաստանի սպառնալիքից հետո։
«Հայաստանը հերքում է, որ նման սպառնալիքով է հանդես եկել, նշելով, որ իրենք երբեք չեն հարձակվել քաղաքացիական օբյեկտների վրա և չեն նախատեսել ջրամբարին հարված հասցնել»,- նշում է հոդվածագիրը։