Մոլորակի բնակիչների ավելի քան մեկ երրորդը (34 տոկոս) նշում է, որ իրենց երկրներում տղամարդկանց և կանանց աշխատանքը վարձատրվում է հավասարապես, սակայն գրեթե կեսը (45 տոկոս) համաձայն չէ այդ պնդմանը: Այդ մասին են վկայում «Ռոմիր» հոլդինգի և GlobalNR հետազոտական ընկերությունների միջազգային միության համատեղ հետազոտության արդյունքները՝ տեղեկացնում է TASS-ը։
«Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում հարցմանը մասնակցածների սոսկ մեկ երրորդն է կարծում, թե տղամարդիկ և կանայք իրենց երկրներում հավասար աշխատավարձ են ստանում: Ամենից հաճախ սույն հարցում իրավահավասարության մասին հայտարարել են Հնդկաստանի (73 տոկոս) և Թաիլանդի (71 տոկոս) բնակիչները:
Ռուսաստանի բնակիչները ցույց են տվել աշխարհում միջինին մոտ արդյունք (34 տոկոս)»,- ասված է հետազոտության մեջ:
Ըստ հարցման տվյալների՝ ԱՄՆ-ում հարցվածների ճիշտ այդքան բաժինն է (34 տոկոս) կարծում, որ քաղաքացիներն աշխատանքի միատեսակ վարձատրություն են ստանում անկախ սեռից: Համաձայնվածների ամենաքիչ բաժինը, թե տղամարդկանց և կանանց աշխատանքը հավասարապես է վարձատրվում, արձանագրվել է Բրազիլիայում (19 տոկոս), Գերմանիայում (18 տոկոս) և Հարավային Կորեայում (13 տոկոս):
Հետազոտությունը կատարվել է Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Իտալիայում, Չինաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Հարավային Կորեայում: Հարցմանը մասնակցել է տարբեր սոցիալ-ժողովրդագրական խմբերի պատկանող 7,1 հազար մարդ։