Մոսկվան կոչ է արել Թբիլիսիին հրաժարվել սադրիչ գործողություններից Ռուսաստանի Դաշնության, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանին և երկխոսության համար օգտագործել առկա բոլոր հարթակները: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն հավելել է, որ Վրաստանի իշխանություններից ավելի ակտիվ բացատրական աշխատանքներ է ակնկալում սեփական բնակչության հետ՝ սահմանի ապօրինի հատման նոր դեպքերը կանխելու նպատակով:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն (ՊԱԾ) ավելի վաղ Հարավային Օսիայում տեղակայված ռուս սահմանապահներին մեղադրել էր Վրաստանի քաղաքացի Զազա Կախելաձեին հրազենային վնասվածք հասցնելու և ապօրինի կերպով ձերբակալելու մեջ:
ՊԱԾ-ի տվյալներով, միջադեպի հետ կապված ակտիվացվել է ԵՄ դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) թեժ գիծը, ինչպես նաև դեպքի մասին տեղեկացվել են ԵՄԴԱ-ի ներկայացուցիչները և Կովկասի գծով Ժնևի միջազգային քննարկումների համանախագահները:
Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեն, իր հերթին, հայտարարել է, որ Վրաստանի քաղաքացին բերման է ենթարկվել պետական սահմանը խախտելու հետևանքով, նա մի քանի կրակոց է արձակել Լենինգորսկի շրջանի սահմանապահների ուղղությամբ:
Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Կախելաձեի կալանավորումը: Նրան ոտքից վիրավորելը «վտանգավոր սադրանք» է անվանել և Ռուսաստանին մեղադրել «2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի կոպիտ խախտման մեջ»: