Այսօր ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով ՀԱԿ-ի և Կոալիցիայի ձևավորած օրակարգին, նշեց, որ ՀԱԿ-ում որոշակի ոգևորություն է առաջացել և կարծես թե արդեն սնապարծության է հասնում:
«Տպավորություն է ստեղծվում, թե երկրում երկիշխանություն է ձևավորվել, և ինչպես իրենք են ասում՝ եկել են բանակցելու: Այնինչ՝ մենք այսօր դեռևս երկխոսում ենք»,- նշեց Գալուստ Սահակյանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից առաջ քաշած պահանջներին՝ Գալուստ Սահակյանը ընդգծեց, որ ընթացքը ցույց կտա:
«Մեր օրակարգը հետևյալն էր՝ լավ ընտրություններ անցկացնելը, իսկ դրա համար բավական հետաքրքիր մեխանիզմներ մենք ունենք, կարող ենք դրանք կրկնապատկել, որպեսզի առաջիկա ընտրությունները ավելի նորմալ ձևով ընթանան: Իսկ մնացածը, կարծում եմ, ցանկություններ են, որոնք տրամաբանորեն, գոնե իմ մոտ, ռեակցիաներ չեն տալիս, և անհեթեթություն եմ համարում, երբ խոսում են արտահերթ ընտրությունների մասին: Դա ոչ միայն Հայաստանի պայմաններում, այլև ցանկացած արտահերթ ընտրություններ երկիրը մի քանի քայլ հետ են գցում: Մենք էլ այդ փորձը ունենք: Առավել ևս, որ դրա համար որոշակի հիմքեր չկան»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը: