Արտահերթ ընտրությունների հիմքեր շատ-շատ վաղուց են առկա:
Ավելին՝ մենք ընդհանրապես արտահերթ իրավիճակում ենք ապրում, իսկ դա իր հերթին միշտ արտահերթ լուծումներ է պահանջում, որոնցից մեկը հենց արտահերթ ընտրություններն են: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը և ավելացրեց.
«Ինչ վերաբերում է արտահերթ գործընթացներին՝ ես չեմ տեսնում: Եթե իշխանությունը ցանկություն ունի արտահերթ ընտրություններ անցկացնի, չգիտեմ, ինչ-ինչ պատճառներով, ինչ պայմանավորվածությունների արդյունքում՝ դա արդեն իշխանության խնդիրն է»:
Մեր այն դիտարկմանը, թե ճի՞շտ ենք հասկանում, որ իշխանությունը ինչ-որ X պահի չի բացառվում, որ գնա արտահերթ ընտրությունների՝ արձագանքեց. «Ինչ-ինչ հաշվարկների պարագայում, ինչ-ինչ, այսպես ասած, խնդիրներ լուծելու համար, բնականաբար, չի բացառվում, որ գնա արտահերթ ընտրությունների: Նայած, թե քաղաքական ուժի կամ ուժերի հետ ինչ են պայմանավորվում, այդ արտահերթից հետո ինչ իրավիճակ է ստեղծվելու: Եթե արտահերթը այն արտահերթն է, որը իշխանափոխություն, համակարգային փոփոխությունների սկիզբ է բերելու, նոր սահմանադրություն, բնականաբար նմանատիպ արտահերթը միշտ էլ ողջունելի է: Բայց եթե այդ արտահերթը խնդիր է լուծելու, որպեսզի իշխանությունը վերարտադրվի այս կամ այն քաղաքական ուժի համար, ապա բնականաբար խնդիր չի լուծվելու, այլ ձևական արտահերթ բառն է գումարվում, և վերջ»: