Այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Որևէ ազդեցություն մենք չունենք այդ մրցույթների վրա և չգիտենք` դրանք ինչպես են անցկացվելու: Հեղափոխությունից 2 տարի անց չեն վերականգնվել այն հեռուստաընկերությունների իրավունքները, որոնք դուրս են թողնվել հեռարձակման տիրույթից, որոնք ուղղակի նախագահական նստավայրի ցուցումով դուրս են մղվել»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով` այդ կեղեքված հեռուստաընկերությունները, որոնց մի մասն արդեն չկա, մի մասն էլ մի կերպ գոյությունը քարշ է տալիս, ինչպե՞ս են հավասար պայմաններով մասնակցելու մյուսների հետ:
«Այս օրենքով հեռուստաընկերություններ են փակվելու, որի պրոցեսի մեջ մենք որևէ ազդեցություն չենք ունենալու: Մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին: Հեղափոխությունը ազդեցություն չի ունեցել նախկինում փակված հեռուստաընկերությունների իրավունքների վերականգնման գործում»,- նշեց Մարուքյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: