Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թուրքիայի նախագահականից հաղորդում են, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների և հատկապես լիբիական ճգնաժամի կարգավորման խնդիրները։
Հայտարարության մեջ ասվում է, որ «Նախագահները համակարծիք են եղել երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու և Լիբիայում տևական խաղաղության հասնելու հարցում։ Համաձայնության են եկել միմյանց հետ ավելի սերտ աշխատել որպես 2 դաշնակից պետություն»:
Զրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Սպիտակ տունը։ Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշվում է. «Նախագահներ Թրամփն ու Էրդողանը քննարկել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի առևտրատնտեսական դրական հարաբերությունները։ Թրամփը շեշտել է, որ մենք հավատում ենք տարածաշրջանային հակամարտությունները բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությանը»։