Լուրեր
Ժողովուրդը տեր է կանգնելու իր կատարած փոփոխություններին. Սահմանադրության հարցում ևս այդպես է լինելու
  • 22:05
  • 2020-07-14
  • Դիտումներ՝ *

Սահմանադրական դատարանի ճգնաժամը համարվում է հանգուցալուծված, սակայն կրքերը դեռևս չեն հանդարտվում: ՍԴ նախկին նախագահը արձակուրդում է, ինչը ևս դիտարկվում է որպես սաբոտաժային քայլ ՍԴ աշխատանքը խոչընդոտելու նպատակով: ՍԴ պաշտոնանկ արված անդամները, ինչպես նաև ՍԴ աշխատակազմի ղեկավարը չեն ընդունում սահմանադրական փոփոխությունները:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Վահագն Մարտիրոսյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

«Սահմանադրական փոփոխություններից հետո իրավիճակ է փոխվել և նրանք, ովքեր չեն ընդունում այդ փոփոխությունները, այլևս տեղ չունեն այդ կառույցում: Ինչ վերաբերում է ՍԴ աշխատակազմի ղեկավարի գործողություններին, պետք է իրավական գնահատական տալ դրան»,- նշեց Վահագն Մարտիրոսյանը: Նիկոլայ Բաղդասարյանը հավելեց, որ եթե ՍԴ աշխատակազմի ղեկավարը չարաշահում է իր լիազորությունները, նրանով կզբաղվեն համապատասխան քրեական մարմինները՝ ոստիկանությունը, դատախազությունը:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ ՍԴ ճգնաժամը լուծելու համար նախընտրելի էր հանրաքվեի տարբերակը, որով կդադարեցվեր ՍԴ բոլոր անդամների գործունությունը՝ բացի ԱԺ-ի կողմից նշանակված ՍԴ դատավորի լիազորությունները. «Հրայր Թովմասյանը և մյուսները չեն նշանակվել Սահմանադրությամբ ընդունված ընթացակարգով: Դրանով պայմանավորված՝ նրանց գործունեությունը պետք է դադարեցվեր: Իրականացված տարբերակը ավելի մեղմ է: Ճգնաժամը ավարտված կարելի է համարել, երբ երեք սահմանադրական մարմինները կառաջադրեն թեկնածուներ, ԱԺ-ի կողմից կընտրվեն ՍԴ դատավորներ, որոնք կընտրեն ՍԴ նախագահ»:

Քննարկման մասնակիցների խոսքով՝ ժողովուրդը տեր է կանգնելու իր կատարած փոփոխություններին, և Սահմանադրության հարցում ևս այդպես է լինելու:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *