Լուրեր
Բաքուն խուճապի մեջ է, դեմքը փրկելու խնդիր ունի

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը շարունակում է մնալ օրվա գլխավոր թեման: Այսօր, ի թիվս այլ հայտարարությունների, հայտարարություն է տարածել նաև ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակը: «Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին « ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը և «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:

«Եթե ռազմական գործողության ինչ-որ փուլում սկսում են թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, դա դժվար է բնութագրել այլ կերպ, քան ահաբեկչական պահվածք: Ադրբեջանի կողմից այդօրինակ թիրախավորումը նորություն չէ, այս վարքագիծը մի կողմից՝ բնորոշ է ադրբեջանական քաղաքականության էությանը, մյուս կողմից՝ խոսում է այն բարդությունների մասին, որոնք առկա են Բաքվում,- նշեց Հակոբ Բադալյանը՝ նաև կարծիք հայտնելով, որ քաղաքացիական բնակչության թիրախավորումը ոչ թե ուժի ցուցադրում է, այլ խնդիրների ու անզորության դրսևորում:

Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի պատկերացումներին ու պլանավորածին չի համապատասխանում այն, ինչ ստացվել է. «Կարծում եմ՝ նրանք ուզում էին փոքր միջադեպ հրահրել, դիվիդենտներ շահել և ներկայացնել որպես բացառիկ հաջողություններ, սակայն հայկական Զինվածուժերից ստացած հակահարվածի հետևանքով նրանք ավելի բարդ իրավիճակում հայտնվեցին, և հիմա նրանք իրենց դեմքը փրկելու խնդիր ունեն, ուստի արդեն թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը, ծայրահեղական քայլերի են գնում, համալրում են զինտեխնիկան, դա ցույց է տալիս, որ որոշակի խուճապ է առաջացել Բաքվում»:

Հայկ Գաբրիելյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի ներքաղաքական իրադարձությունները նույնպես մեծապես ազդում են մեր ազգային անվտանգության վրա: «Ադրբեջանը սադրում է, որ հայկական կողմը նույնպես դիմի նման գործողությունների՝ այսինքն՝ թիրախավորել և ոչնչացնել քաղաքացիական օբյեկտներ… Կարծում եմ՝ Ադրբեջանի հետ հետագա հակամարտությունում թավշյա հեղափոխությունից հետո մենք ունենք չափազանց լուրջ առավելություն. անգամ 21-րդ դարում արդիական են այն խոսքերը, որ պատերազմում են ոչ թե տանկերն ինքնաթիռները, այլ մարդիկ, այսինքն՝ շատ կարևոր է մնում մարդկային գործոնը, իսկ պատմության փորձը ցույց է տվել, որ ստրուկների բանակը երբեք ուժեղ չի կռվել»,- նշեց Հայկ Գաբրիելյանը

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *