«Փառք ու պատիվ մեր Զինված ուժերին, որ կարողանում են այս իրավիճակն իրենց վերահսկողության տակ պահել։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հայտարարությանը, որտեղ նրանք նշում էին, թե կողմերը պետք է զերծ մնան իրավիճակի հետագա էսկալացիայից, ապա կարծում եմ, որ այսքանով պետք է սահմանափակվենք։ Մեր հիմնական գործընկերների հետ, իհարկե, պետք է շարունակենք աշխատել, բայց այս պահի դրությամբ՝ մեր ամբողջ ուշադրությունը պիտի սևեռենք մեր Զինված ուժերի վրա, որովհետև մեր գործը հիմա մեր ԶՈՒ-ի թիկունքին կանգնելն է, ինչպես նաև ինֆորմացիոն դաշտի նկատմամբ հոգատարությունն է։ Ցավոք սրտի, արդեն իսկ ականատեսն ենք լինում Հայաստանում 5-րդ շարասյան գալարումներին ու տվայտանքներին, որը ես հույս ունեի՝ գոնե այս լարված իրավիճակում չի լինի, սակայն, փաստորեն, տարատեսակ սուտ ու կեղծ տեղեկությունների տարածման փորձեր են նրանք հիմա անում, որը, իհարկե, կկանխվի։ Շատ ուրախ եմ նաև, որ հիմա մեր հասարակությունը հնարավորինս համախմբված է և չի տրվի որևէ մեկի սադրանքներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի հատվածում, տիրող լարված իրավիճակին ու Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։