Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը՝ Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Բերդ բնակավայրերի հրետանակոծությունների վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը:
Այսօր՝ հուլիսի 14-ին, Բերդ քաղաքից խաղաղ բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ քաղաքը ենթարկվում է հրետանակոծության և ներկայացրել են մանրամասներ: Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությանը:
Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ: Կատարված աշխատանքների մասին կհայտնենք լրացուցիչ տեղեկություններ: