
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է անվտանգության և պաշտպանության ոլորտների ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
– Պարոն Տրոֆիմչուկ, առավոտյան հայտնի դարձավ, որ հայ–ադրբեջանական սահմանի լարվածության պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, հետագայում այն անորոշ ժամանակով հետաձգվեց: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, կարո՞ղ է Հայաստանը ՀԱՊԿ–ի վրա հույս դնել:
– Հայաստանը միշտ կարող է ՀԱՊԿ-ի վրա հույս դնել, եթե դա այդպես չլիներ, ապա Հայաստանը ոչ միայն ղարաբաղյան հիմնահարց կունենար, այլևս Թուրքիայի հետ պատերազմ: Սրա հետ մեկտեղ, ինչպես շատերն են նկատում, Ադրբեջանը նույնպես լայնամասշտաբ պատերազմ չի սկսում՝ հայացքը հառելով Մոսկվային: Առանց ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի գործոնի, ամեն ինչ ավելի հեշտ, բայցև վտանգավոր կերպով կզարգանար, և դա դժվար է վիճարկել:
Այնուամենայնիվ, առանց իրավիճակի շուրջ դիրքորոշման, ռազմաքաղաքական այդ կառույցը չի կարող մնալ: Չնայած Հայաստանը այդ ուղղությամբ էլ ջանքեր կգործադրի, ինչպես Նիկոլ Փաշինյանն այն արդեն ցուցադրեց ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցի սյուժետում: Իսկ ահա Մինսկի խմբից պետքական և կոնկրետ արձագանք սպասելը մեխ խնդիր է: Եթե Մինսկի խմբի համանախագահներն ի վիճակի չեն անհրաժեշտ ռեժիմով աշխատել, թող լքեն իրենց դիրքը: Ի դեպ, հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որ պետք է հստակորեն մատնանշի ագրեսոր կողմին, նաև նոր կռիվների զոհերի ճիշտ քանակը ներկայացնի, որովհետև հակամարտող կողմերը տարբեր թվեր են ներկայացնում, որոնք իրար չեն համընկնում: Բայց, քանի որ դա չկար 2016-ի ապրիլից հետո, հիմա էլ չենք կարող սպասել: Ի դեպ, երբ Հայաստանը կամ ակտիվիստները պահանջում են ՀԱՊԿ-ի պատասխանատվության հարցը, ապա դա շատերի գլխում ու մտքում ծնում է Երևանի և հայկական բանակի գործողությունների հարցը: Ես դա այդքան բացահայտ չէի անի: ՀԱՊԿ-ն ինքը ամեն ինչ շատ լավ հասկանում է և կտա ադեկվատ գնահատական: Մի բան պետք է հստակ արձանագրել՝ ՀԱՊԿ-ն Ադրբեջանի հետ չի պատերազմի:
– Հնարավոր համարո՞ւմ եք պատերազմական գործողությունների վերսկսումը: Այս իրավիճակն ինչո՞վ կպայմանավորեք:
– Պատերազմական գործողությունների վերսկսումը երկու հանգամանքի հետ է կապված: Առաջինը, Բաքվի տեսանկյունից, չորսամյա միանգամայն անարդյունք բանակցություններ ղարաբաղյան հարցով։ Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի թեզերը ղարաբաղյան հարցով՝ սկսած 2018 թվականից, որոնք փաստացիորեն ոչնչացնում են բանակցային գործընթացը որպես այդպիսին՝ դրանց մեջ անընդունելի պահանջների ներառումով: Բայց հարցը միայն դա չէ: Ղարաբաղյան թեման փակ չէ, այդ դրաման ավարտ չունի: Հիշեցնեմ հիմնական պատմական բավականին լուրջ մարտերը վերջին տարիների ընթացքում՝ 2014 թվական, 2016 թվական և ահա հիմա՝ 2020 թվական: Բաքվում հասկանում են, Փաշինյանը բոլոր ՀՀ քաղաքացիների աջակցությունը չունի և այն ավտոմատ կերպով Ադրբեջանի համար հեռանկարներ է բացում: Ես դեռ 2018 թվականին ասում էի, որ լիբերալ առաջնորդի ղեկավարությունը կարող է ամբողջ Հարավային Կովկասում խնդիրներ առաջացնել։ Դրա համար եմ ասում՝ մենք պետք է իմանանք՝ ով է հետաքրքրված պատերազմի վերսկսումով, միաձայն այս կամ այն կողմին մեղադրելը չափազանց պրիմիտիվ կլինի:
– Բացի ստանդարտ հայտարարություններից՝ ի՞նչ կարող է անել ԵԱՀԿ Մինսկի խումը:
– Տեսնում ենք, որ ոչինչ: Կարծես, նույնիսկ ստանդարտ հայտարարություններն են իր համար մեծ խնդիր: Հետաքրքիր է՝ որտե՞ղ էին միջնորդները, երբ գիշերը երկու բանակներն իրար վրա էին կրակում: Ամբողջ հայ-ադրբեջանական հակամարտությունը Մինսկի խմբի գործունեության ու կոմպետենտության արդյունք է և ոչ միայն նեղ իմաստով ղարաբաղյան հատվածը: Չէր լինի հայ-ադրբեջանական հակամարտություն, եթե չլիներ Ղարաբաղը: Այդ պատճառով էլ այդ հանգստի մեջ գտնվող խմբի ղեկավարները թող մեզ հստակ տեղեկություններ տան՝ ով երբ ու ինչ ուժերով է 2020 թվականի հուլիսի 12-13-ի գիշերը հարվածներ հասցրել: Նրանք մեզ անընդհատ ապացուցում են, որ վերահսկում են հայ-ադրբեջանական շփման գիծը, և վերջ՝ կարծես կատարելով 2016 թվականի ն Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և վերջ: Թող իրենց օբյեկտիվ վերահսկողության տվյալները տրամադրեն: