shantnews.am: ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն այսօրվա նիստում  մասնակի բավարարեց Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացրած՝ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:

Նշենք, որ Բադալյանի հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ ավելի վաղ հանձնաժողովին ներկայացրած հաղորդումն այն մասին, որ հարցազրույցներից մեկի ժամանակ դատավորի թեկնածուն կարծիք էր հայտնել մեկ այլ դատավորի՝ ՀՀ վերաքննիչ  դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի մասին:

Նախորդ նիստին դատավորներ Արման Թովմասյանը և Մխիթար Պապոյանը ներկայացրին կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը՝ նշելով, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին որոշակի որակումներ թույլ տալով Կարապետ Բադալյանը խախտել է քաղաքական զսպվածության և չեզոքության նորմերը:

Կարապետ Բադալյանն էլ բացարկի միջնորդություն ներկայացրեց Մխիթար Պապոյանի դեմ, որը ևս Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է: Բադալյանը հիշեցրեց՝ Պապոյանը բազմիցս հայտարարել է, որ Ալեքսանդր Ազարյանն իր ընկերն է, ուստի ինքն այս գործով չի կարող անկողմնակալ լինել:

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր մերժեց դատավոր Մխիթար Պապոյանին բացարկ հայտնելու միջնորդությունը, միևնույն ժամանակ, մերժեց դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը: