Հուլիսի 12-ին կտրուկ սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ադրբեջանցիները ՈՒԱԶ մակնիշի մեքենայով փորձել են հատել հայկական սահմանը: Մեր զինուժը կասեցրել է, նրանք թողել են մեքենան ու փախել, իսկ հետո դարձյալ փորձել են այս անգամ հրետանային կրակի ուղեկցությամբ վերցնել մեր դիրքը: Հայկական զինուժը տվել է կոշտ պատասխան, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը ունի զոհեր և վիրավորներ: Այս պահի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատել է չորս զոհ: Հայկական կողմը կորուստ չունի: Առավոտյան ադրբեջանցիները վերսկսել են մեր դիրքերի հրետակոծումը հրանոթներից և տանկից: Դա իրադարձությունների համառոտ ժամանակագրությունն էր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի և արևելագետ Կարեն Վերանյանի հետ: