Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները մտադիր են մզկիթի կարգավիճակ ստացած Սուրբ Սոֆիան պահպանել որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք պետք է պահպանենք այն ժառանգությունը, որը մեզ են թողել մեր նախնիները: Հետևաբար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հնչած որոշ հայտարարություններ մեզ զարմացրել են»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նաև հավելել է, որ կտրականապես մերժում է այն դիրքորոշումները, որոնք «խախտում են տաճարը տնօրինելու Թուրքիայի ինքնիշխան իրավունքը»:
Ըստ ԱԳՆ ղեկավարի, այս թեմայի շուրջ վեճերը տեղին չեն:
Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հայտարարել էր, որ խորապես ցավում է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման համար, քանի որ այդ որոշումը կայացվել է «առանց նախնական երկխոսության»: