Մամուլի ազգային ակումբում հրավիրված «ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները. դրանց իրավական և հասարակական-քաղաքական հնարավոր հետևանքներն ու արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ընտրական գործընթացները կապված են իշխանությունների` քաղաքական կամք ցուցաբերելու հետ: Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված առաջարկվող նախագիծը դեպի հետընթաց է տանում: Ըստ Ռուբեն Հակոբյանի` իշխանությունը այդ փոփոխություններով խուսափում է ամբողջական պատասխանատվությունից: Ռուբեն Հակոբյանի դիտարկմամբ, իշխանության առաջարկած նախագծով ընտրատեղամասերում չեն փակցվելու ընտրամատյանները, որն էլ մարդու իրավունքների խախտում է: Ռուբեն Հակոբյանն առաջարկեց, որ իշխանությունն ու ընդդիմությունը ընտրական հանձնաժողովներում ձևավորվեն 50/50 հարաբերակցությամբ, և որ ընտրություններն անցկացվեն համամասնական ընտրակարգով: Նրա կարծիքով` մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավորները միայն իրենց ագրեսիվությամբ են ներկայություն ապահովում Ազգային ժողովում, և որ նրանց մեծ մասը երբևէ չի էլ մոտեցել ԱԺ խոսափողին: