ԱՄՆ առողջապահության նախարարությունը կանխատեսում է, որ մոտ ապագայում կաճի նոր տիպի կորոնավիրուսից մահացությունը: Այս մասին ABC-ին ասել է երկրի առողջապահության նախարարի օգնական Բրեթ Ժիրուարը:
Հիվանդության նոր դեպքերի և հոսպիտալացվածների թվի ավելացման պայմաններում աճում է նաև մահացությունների թիվը, նշել է Ժիրուարը: Նրա խոսքով, ԱՄՆ առողջապահության նախարարությունը կանխատեսում է, որ մահացությունների թիվը կշարունակի աճել առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում, որից հետո անկում կլինի:
Ներկայումս Միացյալ Նահանգներն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի քանակով: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, երկրում գրանցվել է հիվանդության ավելի քան 3 միլիոն դեպք, որից ավելի քան 134 հազարը մահացու ելքով: