Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ ինքը վշտացել է, երբ իմացել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կվերածվի: Նա այս մասին ասել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին դիմելու ժամանակ:
«Ես մտածում եմ Ստամբուլի մասին, ես մտածում եմ Սուրբ Սոֆիայի մասին և շատ վշտացած եմ»,-Հռոմի պապին մեջբերել է Reuters-ը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր հրամանագիր՝ Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակը շնորհելու մասին՝ վերացնելով 1934 թվականին Թուրքիայի իշխանությունների համապատասխան որոշումը:
Սուրբ Սոֆիան հիմնադրվել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի կողմից և բացվել 537 թվականին: Մայր տաճարն աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին էր ավելի քան հազար տարի, մինչև 1453 թվականին թուրքերը Կոստանդնուպոլսի անկումից հետո այն դարձրին Այա-Սոֆիայի մզկիթ:
1934 թվականին ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը ստորագրեց հրամանագիր մզկիթը թանգարան վերածելու մասին: Մի քանի տասնամյակից հետո այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: