Հրազդանում գործում է «Երևան CET» անվանումով խանութ (փ. Օգոստոսի 23): Դրա բրենդի ձևը ճիշտ և ճիշտ կրկնօրինակում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» բրենդին՝ իր ոճի, պատկերային ու գունային համադրությունների շփոթության աստիճանի նմանությամբ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նման գործունեությունը որակում է որպես անբարեխիղճ մրցակցություն:
Նկատենք, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները նախկինում բազմիցս պատժվել են հենց նույն տիպի անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար: Մասնավորապես, «Ալեքս Գրիգ» ընկերությունն արտադրում և իրացնում էր «Ուկրաինա» անվանումով օղի, որի ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է ուկրաինական «Ալեֆ-Վինալ» ընկերությանը պատկանող «Ուկրաինկային», «Խլոպցի» անվանումովը` ուկրաինական «Իմիջ Հոլդինգ» ընկերությանը պատկանող «Խորտիցային», «Մեդոֆե» անվանումով օղու ապրանքային նշանը` բրիտանական «Սոյուզ-Վիկտան գրուպ» ընկերությանը պատկանող «Մեդոֆֆ» անվանումով ապրանքային նշանին, «Պրեմիումը»` ուկրաինական «Դոնեցկիյ լիկյորո-վոդոչնիյ զավոդ «Լիկ»» ընկերությանը պատկանող «Պրայմին» և այլն:
Հավելենք նաև, որ, ըստ ամենայնի, ՏՄՊՊՀ-ն այս կապակցությամբ վարույթ կհարուցի և կպատժի Սամվել Ալեքսանյանի իրավունքները ոտնահարած տնտեսավարողին: