«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
-Պարոն Սիմոնյան, Երևանում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստը, քննարկվել է ազգային անվտանգության նոր ռազմավարության հարցը: Վարչապետ Ն. Փաշինյանը կարևոր շեշտադրումներ է արել իր ուղերձում, շոշափել այն արժեքներն ու նպատակները, որոնք մեր ազգային անվտանգության ողնաշարն են կազմում, խոսել է ինքնիշխանությունից: Ինքնիշխանությունն իրապես ազգային անվտանգության անբեկանելի առանցքն է: Թավշյա հեղափոխությունից հետո ինքնիշխանության ներուժի բարձրացմանը զուգահեռ տպավորություն կա, նաև փորձագիտական հանրության մոտ, որ գլուխ է բարձրացրել օտար շահին սպասարկողների առկայությունը՝ մասնավորապես դա դիտարկելով վերջին շրջանի զարգացումների տրամաբանության մեջ, երբ տարբեր ուժեր և սուբյեկտներ փորձում են դրսից «տղա բերել» իշխանությանը սանձելու համար:
-Ընդհանրապես մարդկության պատմության մեջ հեղափոխություններից հետո ընդդիմադիր, հակադրվող կողմի համար որևիցե հարց բարձրացնելու միակ հանգրվանը կամ հնարավորությունը մշտապես եղել է ազգայնական հենքի վրա ինչ-որ բաներ կառուցելը: Եվ հեղափոխությունից հետո, երբ աշխարհի տարբեր կենտրոններ այստեղ փնտրում էին մեկը մյուսին, և մեղադրում էին մեկը մյուսին, ուզում էին հասկանալ, թե ինչ է կատարվում, դա բերեց այս իրավիճակին, և հաճախ հիմա չունենալով այլ ասելիքներ, հենքը կրկին դրվում է օտարերկրյա ուժերի հետ կապված ազդեցությունների վրա և նմանատիպ հարցեր օրակարգ բերելով՝ մարդկանց մոտ ինչ-որ ազդակներ արթնացնելու մարտավարության վրա:
–Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանին շատերը համարում են Հայաստանում հակառուսականության դեմ պայքարի առաջամարտիկ:
-Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանը կամ որևիցե մեկը պայքարում է հակառուսականության դեմ: Գագիկ Ծառուկյանի տեքստ գրողը մի շատ կարևոր բառ է մոռացել, «ինքնիշխան» բառն է մոռացել տեքստի մեջ գրել՝ մեջբերելով Սահմանադրությունից մի հատված. արդյո՞ք սա արվել է հատուկ՝ ինչ-որ բան հասկացնելու համար, թե՞ ուղղակի վրիպակ է: Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի գրասենյակը պետք է պատասխան տա ՀՀ քաղաքացիներին «ինքնիշխան» բառը «կուլ տալու» համար: Ինչի՞ վրա է հիմնված հակառուսականության մեղադրանքը: Ամեն ինչ փորձում են. այս ընթացքում ինչ հեքիաթ ասես պատմում էին, ասում էին, որ շուտով մեր դպրոցներում զգեստափոխված տղամարդիկ ինչ-որ դասեր են տալու, ասում էին, որ 2-3 ամսից սով է սկսվելու, ամենաանամոթ ձևով ինչ ասես ասում են՝ հասկանալով, որ 2-3 ամիս հետո գուցե որևէ մեկը չի հիշի, թե ինչ են ասել, և իրենցից պատասխան չի պահանջի: Այդ մարդիկ այդպես ասում են, հետո ուղղակի կորում են:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: