Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել է նաև Ազգային անվտանգության ռազմավարությանը հավանություն տալու մասին հարցը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արձակագիր, հասարակական գործիչ Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ:
Վարչապետը խոսել է նաև այն մասին, որ Հայաստանի Հանրապետության գոյությունը պայմանավորված է, պայմանավորվում է և պիտի պայմանավորվի հայ ժողովրդի կամքով, և կամքը գոյանում է իրավունքների և պարտականությունների իրացման խաչմերուկում:
Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Գևորգ Տեր-Գաբրիելյանը նշեց, որ այժմ սկզբունքորեն այլ իրադրության մեջ ենք, քան մինչև 2018թ: «Այն ժամանակ այնպիսի իրադրություն էր, որ քաղաքացիները միայն ընդվզան միջոցով կարող էին հարցեր բարձրացնել, այսինքն՝ խոսքը կոպիտ ընդհարման մասին է՝ գոյություն ունեցող ռեժիմի, վարչակարգի և հասարակության միջև: Եվ այն ժամանակ հարցերի գերագույն մեծամասնությունը իմաստ չուներ բարձրացնել: Ինչպես ռուսական ասացվածքում է ասվում՝ երբ գլուխդ կտրել են, մազերիդ մասին ինչո՞ւ ես հոգում, այսինքն՝ մեր հասարակության գլուխը կտրած վիճակ էր, և պարզապես իմաստ չուներ հարցեր բարձրացնելը: Այժմ այլ իրադրություն է. կա լեգիտիմ իշխանություն, կա ոչ կոռումպացված իշխանություն, համենայնդեպս ոչ ամբողջապես կոռումպացված և ոչ գլխից կոռումպացված իշխանություն, կոռուպցիայի համակարգը փլուզվում է, շատ թուլացած է, քանի որ խոշոր հարված է ստացել, և դա այլ հարաբերությունների հնարավորություն է ստեղծում հասարակության և կառավարության միջև… Եթե կառավարությունը չի «խխունջանում» և չունի թերարժեքության բարդույթ, կարողանում է սովորել հասարակությունից, նրա խորհուրդը լսում է, բաց է հասարակության համար, ապա հարցերի մեծ մասը կլուծվեն:
Մյուս կողմից՝ հասարակությունն էլ իր հերթին լի է հետադեմ հայացքներով, վատ կրթության մակարդակով, դավադրության տեսություններով, և որպեսզի իրադրությունը բալանսավորվի, հասարակությունը նույնպես պետք է համաձայն լինի փոխվել, կրթվել, զարգանալ, իր մոտեցումները և հայացքները վերանայել»,- նշեց Գևորգ Տեր-Գաբրիելյանը: