22 տարի առաջ ստեղծվեց Վճռաբեկ դատարանը, և Հայաստանում երկաստիճան դատական համակարգից անցում կատարվեց եռաստիճանի: Այս առիթով նախագահ Արմեն Սարգսյանը իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել դատական համակարգին ու դատավորներին, Վճռաբեկ դատարանի աշխատակազմին։ Նախագահը նաև հեռախոսազրույց է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։ Արդար ու ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգը յուրաքանչյուր երկրի զարգացման ու կայունության հիմնասյունն է՝ հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Արդար ու ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգ, սակայն, փաստաբանների, իրավապաշտպանների խոսքով՝ մենք չենք ունեցել, չունենք և դժվար էլ ապագայում ունենանք՝ դատելով բարեփոխումների որակից ու տեմպից։ «Եթե մենք 30 տարում պետք է ունենայինք այսօրվա դատական համակարգի նման համակարգ, ապա դա մեզ համար ողբալի է։ 30 տարին ավելի քան բավարար էր, որպեսզի մենք ունենայինք նորմալ դատական համակարգ։ Նույն 22 տարեկան վճռաբեկ դատարանից այսօր բազմաթիվ դժգոհություններ կան։ Վճռաբեկ դատարանում, կարելի է ասել, միայն 10 տոկոս դրական տենդենց կա, իսկ մնացած 90 տոկոսը դեստրուկտիվ մոտեցում է։ Ես կարող եմ փաստել, որ վճռաբեկ դատարանում գործերը քննվում են ավելի քան 2 և ավելի տարի, որոշումները կանխատեսելի չեն, վճռաբեկ դատարանը կարող է իր որոշումներին հակասող որոշումներ կայացնել։ Եթե ես հիմա ամբողջությամբ թվարկեմ, թե վճռաբեկ դատարանն ինչեր է անում, ապա մենք չեն կարող ասել, որ այդ դատարանը առնվազն իր տարիքին համապատասխան է՝ 22 տարեկան է։ Տպավորություն է, որ այդ դատարանը ստեղծվել է 5 տարի առաջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը։
Խնդիրներ ունենք նաև Բարձրագույն դատական խորհրդի հետ։ Այդ մարմինն էլ կայացած չէ՝ ըստ Գյոզալյանի։ ԲԴԽ-ն այսօր չի կարողանում վերահսկել, թե ովքեր են մարզերից գալիս Երևանի դատարան, դատավոր դառնում, չի կարողանում հստակ կանոնակարգել գործերի մակագրման համակարգը, և հասկանալի չէ, թե ինչու է նույն գործը միշտ մեկ դատավորի մոտ մակագրվում, և բազմաթիվ այլ խնդիրներ:
«Ես այս պահին կարող եմ ասել, որ Բարձրագույն դատական խորհուրդը իր առջև դրված խնդիրները որևէ ձևով չի կարողացել կատարել։ Ավելին, մենք դեռ չենք էլ հասկացել, թե այդ մարմինը ինչ է անում։ Բայց գուցե այս վիճակը ԲԴԽ-ի դեպքում նորմալ է, այդ մարմինը նոր ձևավորված է, իսկ վճռաբեկ դատարանը 20 և ավելի տարի է՝ գոյություն ունի»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հաշվի առնելով իշխանությունների ձեռնարկած դատաիրավական բարեփոխումները, իրական վեթինգից հրաժարվելը, բարեփոխումների դանդաղ տեմպը, ապա կարող ենք հստակ արձանագրել, որ իրապես արդար, ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգ ունենալու հեռանկարը մշուշոտ է:
«Կառավարությունը, իշխող ուժը ինքը դեռ չի կարողանում կողմնորոշվել, թե ի վերջո՝ ինչ անի դատական համակարգի հետ։ Եկեք չմոռանանք, որ այս դատական համակարգը տարիներ շարունակ լցրել են այն մարդկանցով, ովքեր եղել են լոյալ, եղել են հնազանդ։ Իշխանությունը, առնվազն իմ պատկերացմամբ, լավ չի պատկերացնում, թե այդ դատական համակարգի խնդիրները ինչպես է լուծելու։ Եթե լուծելու են այնպես, ինչպես առաջարկում է արդարադատության նախարարը՝ բարեվարքություն և այլն, ապա ես դրան չեն հավատում։ Ես չեմ կարծում, որ բարեվարքության ինստիտուտը ներդնելով, հայտարարագրումը ներդնելով, օրենքներ փոխելով՝ հնարավոր է կարճ ժամկետում ունենալ տեսանելի քայլեր։ Դա չի լինելու։ Ես կարծում եմ, և իմ կարծիքը հիմնված է իմ դառը փորձի վրա, որ մենք մի 10 տարի հետո նորից մեր քաղաքացիներին բացատրելու ենք, որ հերթական օրենքը փոխելուց հետո դատական համակարգը կսկսի նորմալ աշխատել։ Բայց այդպես չի լինելու, որովհետև նման խնդիրների պարագայում արմատական քայլեր են պետք, վիրահատական միջոցներ են պետք»,- եզրափակեց Գևորգ Գյոզալյանը։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը նույն կարծիքին է։ «Արդար դատական համակարգ չենք ունեցել, չունենք ու այսօր էլ չունենք ոչ մի առարկայական քայլ կամ գործողություն, որը մեզ կհուսադրեր, որ մենք նման համակարգ կունենանք գոնե ապագայում։ Ապագան էլ է շատ մշուշոտ։ Վճռաբեկ դատարանում և ԲԴԽ-ում պաշտոնավարում են այնպիսի դատավորներ, որ առնվազն պետք է միամիտ լինել ու հավատալ, որ նրանց օրոք մենք ունենալու ենք արդար ու ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգ։ Մենք ամեն տարի կարող ենք մաղթել, որ նման համակարգ ունենանք, կենացներ խմենք դրա համար, բայց արդար դատական համակարգ չի եղել, չկա, ու այդ մարդկանց պաշտոնավարման ժամանակահատվածում դա մնալու է բարի ցանկությունների տիրույթում»,- ընդգծեց Պապիկյանը։
Փաստաբանի խոսքով՝ անցած տարի հոկտեմբերին հաստատվեց դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը, բայց այն հընթացս փոփոխությունների է ենթարկվում։ Օրինակ՝ ռազմավարությունը նախատեսում էր սահմանադրական բարեփոխումներ, իսկ հիմա պաշտոնապես հայտարարվում է նոր Սահմանադրության մասին: «Այսինքն՝ ինչ-որ բան կատարվում է, բայց այդ ինչ-որ բանը միշտ էլ կատարվել է, ու դրա արդյունքում ոչ մի բան էլ չենք ունեցել։ Եվ հիմա ոչ մի երաշխիք չկա, որ արվող այդ ինչ-որ բանը ուղղված է արդար դատական համակարգ ունենալուն։ Արդար դատական համակարգ ունենալը պարզապես մնում է քաղաքական իշխանության նպատակահարմարության տիրույթում։ Իսկ երբ կատարող, իրականացնող անձինք նույն նախկին անձինք են, ապա այդ բոլոր գործընթացները չեն կարող վստահություն ներշնչել։ Ես ուզում եմ դրական բան տեսնել, բայց դեռևս կատարվել է մեկ-երկու օրենսդրական փոփոխություն, այն էլ՝ շատ սխալ ու շատ թերի։ Կրկնում եմ՝ 90-ականներից, 2000-ականներից պաշտոնավարող դատավորներով, որոնք արատավորել են այդ համակարգը, դատական իշխանության նկատմամբ վստահությունը հասցրել են ամենացածր մակարդակի, այդ նույն մարդիկ ներկայումս չեն կարող արդար դատական համակարգ ստեղծել ու պաշտոնավարել»,- ընդգծեց Արայիկ Պապիկյանը։