Լուրեր
Վաշինգտոնը և Թեհրանը «պատերազմում են» լիբանանյան հողում. Լիբանանահայերի զանգվածային արտահոսք պետք չէ ակնկալել
  • 13:10
  • 2020-07-10
  • Դիտումներ՝ *

«Լիբանանում իրավիճակը չի հանգստանում, չի հանդարտվում, կարծում եմ, որ դեռ որոշ ժամանակ այս վիճակը պահպանվելու է, որովհետև չեն փոխվել այն քաղաքական դրդապատճառները, որոնց հետևանքով երկիրը շարունակում է մնալ ֆինանսատնտեսական պաշարման մեջ: Հիմնական խնդիրը դրամատնային համակարգի կրած ծանր հարվածն է, քանի որ Լիբանանի տնտեսության գլխավոր հենասյունը բանկային համակարգն էր, իսկ այժմ գումարները սառեցված են, ներդրումներ չկան, ինչն էլ հանգեցրել է դրամի արժեզրկմանը, սղաճի, գործազրկության: Սոցիալական ծանր իրավիճակ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ Լիբանանում ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում. «Բանաձևն այն է, որ մեծ հաշվով Վաշինգտոնը և Թեհրանը «պատերազմում են» լիբանանյան հողում»:

Խոսելով լիբանանահայության մասին՝ Գանտահարյանը հիշատակեց ՀՀ Համայկական հիմնադրամի տրամադրած աջակցությունը լիբանանյան կրթօջախներին և տեղի հայկական մամուլին, ինչպես նաև Արցախի նախագահի հայտարարությունն այն մասին, որ լիբանանահայերը արտոնյալ պայմաններ կստանան այստեղ:

«Այս քայլը շատ մեծ խորհուրդ ունի, որովհետև մեր զույգ պետականությունները արդեն իրենց տեսադաշտում առաջնային նայում են և գործնական քայլեր են դրսևորում ճգնաժամում հայտնված  համայնքների ուղղությամբ, սա շատ կարևոր  քայլ է… Լիբանանում ֆինանսատնտեսական այս ճգնաժամից առաջ հայրենադարձության որոշակի միտումներ արդեն իսկ նշմարվում էին, կտրուկ աճել էին  նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների թվերը: Հիմա ներկա պայմաններում նման գործնական քայլեր դեռ տեսանելի չեն, քանի որ օդային ճանապարհները փակ են, գործում են միայն տարհանման թռիչքներ: Բայց սա միակ արգելքը չէ, ֆինանսական լուրջ ճգնաժամ է, ի վերջո հայրենադարձությունը միջոցներ է ենթադրում… Պետք չէ ունենալ այն թյուր տպավորությունը, որ լիբանանահայերի զանգվածային արտահոսք է լինելու»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *