Լուրեր
Ինչո՞ւ Ծառուկյանի վերաբերյալ գործը հետ ուղարկեցիք. հարց՝ դատավոր Պապոյանին
  • 15:37
  • 2020-07-09
  • Դիտումներ՝ *

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ է ինքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

«Դռնփակ դատական նիստի հետ կապված ինձ հարցեր եք ուղղում, որի իրավունքը ես չունեմ»,- պատասխանեց դատավորը։

Հիշեցնենք, որ Դատախազությունը բողոքարկել էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն եւ կալանավորել Ծառուկյանին։

Ծառուկյանի պաշտպաններն էլ մի քանի բողոք էին ներկայացրել, որոնցից մեկը վերաբերում էր հիմնավոր կասկածին։ Պաշտպանական թիմը գտնում էր, որ դատարանին որեւէ ապացույց չկա ներկայացված, որը կհիմնավորի, որ Ծառուկյանն առնչություն ունի այդ քրեական գործի հետ։

Մյուս բողոքն էլ վերաբերում էր վարույթի օրինականությանը, որ, ըստ պաշտպանների, ի սկզբանե այդ քրեական գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում, այլ  ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում։

  • Դիտումներ՝ *