Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին

Լիբանանի հայ համայնքում գնալով մեծանում է ծայրահեղ աղքատության մեջ հայտնվածների թիվը․ վիճակը տագնապալի է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի հայկական «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, որի հետ զրուցել ենք Լիբանանի սոցիալ-տնտեսական ծանր կացության, երկրի օրեցօր վատթարացող վիճակի, լիբանանահայության տագնապների, առաջացած խնդիրների, աղքատության մակարդակի բարձրացման և հայ համայնքի առաջիկա անելիքների մասին։

 – Պարոն Հակոբյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը չմերժելու համար։ Լիբանանը երկար ժամանակ է՝ հայտնվել է սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ, եթե կուզեք՝ ճգնաժամի, որը ծայրահեղ վտանգավոր է։ Կներկայացնեք, ինչո՞ւ և ինչպե՞ս ստացվեց, որ Լիբանանը հայտնվեց այս ծանր կացության մեջ։

– Լիբանանի սոցիալ-տնտեսական դժվար կացությունը բնավ նոր երևույթ չէ: Այն տարիներ ի վեր կուտակված 100 միլիարդ դոլարի հասնող պետական ներքին ու արտաքին պարտքերի, դրանց տոկոսների ֆինանսավորման, քաղաքացիական պատերազմից դուրս գալուց հետո կատարված վերակառուցման ընթացում մսխված և անհաշվետու մեծ գումարների, մշակույթի վերածված փտածության արդյունք է:

Այն քաղաքական շահերի վրա հիմնված պետական հաստատությունները քաղաքական կողմերի ու դրանց ղեկավարներին համախոհ և անձնական ու ընտրական շահերին ծառայող անպետք պաշտոնյաներով լցնելու, շրջանային խնդիրների ներքին ճակատում արտացոլման, ավելի քան 2 միլիոն սիրիացի գաղթականների գոյության, Իրան-Սաուդյան Արաբիա լուռ հակամարտության, «Հըզբոլլահ»-ի զենքի շուրջ անհամաձայնության և վերջին երկու պատճառների հետ կապակցված արաբական երկիրներից զբոսաշրջիկների թվի անհամեմատ անկումի, ինչպես նաև չհավասարակշռված տնտեսական ոլորտներում ունեցած բացի արդյունքն է:

Ինչ վերաբերում է վերոհիշյալ պայմաններում առաջ եկած ճգնաժամին, այն ուղղակիորեն առնչվում է տարածաշրջանային երկիրների վրա Ամերիկայի պարտադրած պատժամիջոցների հետ, ինչպես նաև «Հըզբոլլահ»-ի, որին զինաթափելու ամեն փորձ ձախողվեց: Այժմ փորձարկվում են «Հըզբոլլահ»-ին տնտեսապես ծնկի բերելու միջոցները: Իր իսկ համակիրներին, որոնք մեծ համայնք են ներկայացնում և թվային կարևոր բաղկացուցիչն են Լիբանանի բնակչության մեջ, իր դեմ հանելու, տնտեսական և ֆինանսական ահավոր դժվարության առջև դնելու փորձերը ընթացքի մեջ են։ Դա, ըստ երևույթին, արդեն Ամերիկայի գլխավորած արևմտյան պետությունների որոշումն է՝ 2020-ական տարիների շրջանը տարածաշրջանը առանց «Հըզբոլլահ»-ի տեսնել: Դա մի կողմից ձեռնտու է Սաուդյան Արաբիային, մյուս կողմից, անշուշտ, Իսրայելին:

Այս ամենով պայմանավորված՝ ժողովրդի համբերության բաժակը լցվեց և անցյալ տարվա հոկտեմբերի 17-ից ընթացք առավ ժողովրդային հեղափոխությունը, որը մերժում է իշխանության բոլոր ներկայացուցիչներին ու պահանջում արտակարգ ընտրություններով ընդհանրապես ձերբազատվել փտած համակարգից:

«Հըզբոլլահը», անշուշտ, անդրադարձավ, որ, ի վերջո, այս բոլորը կծառայեն իր անկումին, որի պատճառով ավելի ամրապնդեց իր դիրքերը Լիբանանի կառավարության մեջ, որին, որպես հակազդեցություն, Ամերիկան տնտեսական և ֆինանսական ճնշումները ավելի սաստկացրեց: Դոլարը հանկարծ չքացավ շուկայից, Լիբանանի դրամանիշը աննախընթաց անկում արձանագրեց, բանկերի կանխիկ գումարները նվազեցին և հայտնվեցինք այնտեղ, ուր որ ենք հիմա: Այսինքն՝ մութ ապագայով հորիզոնի առաջ, որի վերաբերյալ լավատեսությունը ցնորամտություն է, եթե, իհարկե, քաղաքական իրավիճակը չփոխվի: Օրինակ՝ Ամերիկա-Իրան մերձեցում կամ նվազագույն համաձայնություն:

– Լիբանանի ձախողումը, որպես պետություն, ծանր հետևանքներ է ունենալու լիբանանահայության կյանքում և առհասարակ Լիբանանում հայկական ներկայության վրա։ Որո՞նք են այս պահին լիբանանահայության առջև ծառացած հիմնական խնդիրները։

– Բնականաբար, լիբանանահայ համայնքն անմասն չէր կարող մնալ ընդհանուր իրավիճակից: Պետք է նշել, որ քաղաքացիական պատերազմից հետո մնացած լիբանանահայ համայնքը երկրում նախկին որակն ու տնտեսական հիմքը չունեն: Հետևաբար, բնական է, որ լիբանանահայությունը հանկարծ հայտնվեց անկանխատեսելիորեն ծանր իրավիճակի մեջ: Հիմնական խնդիրն այսօր լիբանանյան արժույթի արժեզրկումն է, որն էլ հանգեցրել է գնաճի: Մարդկանց եկամուտը լիբանանյան դրամանիշով ոչինչ չարժե, այնինչ, գրեթե ամեն սպառողական ապրանքի միջազգային շուկայից գնումը հիմնված է դոլարի վրա: Սա պատճառ է դարձել, որ լիբանանահայերն ու ընդհանրապես լիբանանցիների մեծամասնությունն իրենց գնողական ուժը կորցրել են: Սա չի վերաբերում միայն աղքատ և միջին դասակարգին, որոնց ոչ միայն աշխատավարձերը այլևս բան չարժեն, այլև՝ տնտեսական տագնապի պատճառով նաև կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով, արդեն կես աշխատավարձ են ստանում կամ ընդհանրապես անգործ են: Այս դժվարությունը նաև վերաբերում է բարեկեցիկ դասակարգին, որոնց արհեստանոցներն ու բիզնեսները վտանգված են՝ ընդհուպ մինչև իրենց դրամները արգելափակված են բանկերում: Նշվածները կազմում են այսօրվա խնդիրները: Իրավիճակը, սակայն, որքան սրվի, այնքան կացությունը անվերահսկելի կարող է դառնալ: Աղքատությունն ու ֆինանսական խնդիրները երկիրը ավելի կապակայունացնեն և արդեն կստեղծվի ազգային անվտանգության խնդիր, որը կարող է սպառնալ մարդկանց ֆիզիկական գոյությանը:

– Այս ճգնաժամի ընթացքում ինչքանո՞վ է պակասել հայ համայնքի թիվը։

Լիբանանահայ համայնքի թիվը, սկսած 1975 թվականից, գնալով նվազել է: Տարբեր պատճառներով, երբեմն մեծ կամ փոքր հոսքերով լիբանանահայը լքել է Լիբանանը՝ ուղևորվելով արևմտյան երկրներ: Մինչև 250 հազար հայ ունեցող համայնքն այսօր հազիվ կազմում է 50-60 հազար մարդ, որ գնալով՝ ավելի նվազման միտում ունի:

– Ինչպե՞ս եք տեսնում լիբանանահայության ապագան երկրի այս պայմաններում։

Երբ ուսում ունեցողը, երիտասարդն ու ֆինանսական կարողություն ունեցողն արդեն իսկ լքել է երկիրը, մնացածի համար Հայաստանը դարձավ կարևոր նպատակակետ այնտեղ փոխադրվելու և սկսվեց լիբանանահայերի լուռ տեղափոխությունը դեպի Հայաստան: Այսօր, սակայն, նկատի ունենալով Հայաստանում տիրող իրավիճակը, լիբանանահայության կողմից իրենց ունեցվածքները կարգի դնելու կամ դոլար դուրս բերելու դժվարությունները, չեմ կարող ասել, թե այս պարագան ինչպես պիտի զարգանա: Բայց կարծում եմ, որ ուսանողների հոսք կլինի դեպի Հայաստան՝ նկատի ունենալով երկու երկիրների միջև ուսումնառության ծախսերի մեծ տարբերությունը: Ինչ վերաբերվում է ընտանիքների հայրենադարձությանը, դա մեծ մասամբ կախված է նաև Հայաստանի իշխանությունների հայրենադարձության հետ կապված ռազմավարությունից ու այս ուղղությամբ ձեռնարկած միջոցներից: Այս բոլորն, իհարկե, չի նշանակում, որ լիբանանահայ համայնք գոյություն չպիտի ունենա: Լիբանանահայությունն իր ամենադժվարին օրերին էլ մի կերպ գոյատևել է ու մնացել է ամենակազմակերպ սփյուռքահայ համայնքը՝ միշտ նոր արյուն և ավյուն պարգևելով աշխարհասփյուռ մյուս բոլոր հայկական համայնքներին:

– Հայ համայնքի սոցիալական վիճակն ի՞նչ փոփոխություն է ապրել։ Մարդիկ կարողանո՞ւմ են ապրել, գոյատևել։

Ներկա իրավիճակը նոր հանգամանք ի հայտ բերեց, որ մինչ այդ տեսանելի չէր: Օրըստօրե մեծանում է ծայրահեղ աղքատության մեջ հայտնված հայորդիների թիվը, որոնք տարրական կարիքների պետք ունեն: Նրանց գոյատևումը ապահովելու համար տեղական, համայնքային, սփյուռքահայ հաստատություններն ու անհատ բարերարները ջանք, ճիգ և գումար չեն խնայում՝ կարողությունների եղածի չափ հասնելու ժողովրդին: Անհատին ու ընտանիքներին փրկելու առաջնահերթությունը, սակայն, ինչ-որ տեղ պետք է կատարվի հաստատությունների հաշվին, որտեղ հակառակ մեծ ջանքերին, լիբանանահայ դպրոցն ու այլ հաստատությունները, ներառյալ լրատվական միջոցները, դժվար օրեր կտեսնեն՝ անգամ ոմանք կարող են փակվել, ինչն այս ընթացքում անխուսափելի կլինի:

– Ձեր գնահատմամբ՝ իրավիճակից ելքը ո՞րն է։ Ի՞նչ չեն անում Լիբանանի իշխանությունները երկիրն այդ վիճակից դուրս հանելու համար։ Ինչքա՞ն է, ըստ Ձեզ, տևելու այս վիճակը։

– Ինչպես արդեն հստակեցրի, Լիբանանի ֆինանսական տագնապը զուտ տնտեսական չէ, ինչպես որ վերջերս Արգենտինայի կամ ավելի ուշ Հունաստանի կամ Կիպրոսի պարագայում եղավ, որը տնտեսական որոշ տեսություններ որդեգրելով, կարելի է հակակշռել: Լիբանանի տնտեսական ճգնաժամը ուղղակիորեն կապված է քաղաքականության և տարածաշրջանային անկայունության գործոնների հետ: Սիրիական հարցը, Իրաքի անկայունությունը, Եմենի պատերազմը, Իրանի վրա պարտադրված էմբարգոն և վերջերս սիրիական վարչակարգի դեմ գործադրված «Կեսար»-ի օրենքի հիման վրա ամերիկյան պատժամիջոցները, տարածաշրջանի վրա իրենց ազդեցությունը հաստատելու ռուս-ամերիկյան մրցակցությունը:

Ինչպես նաև Իրանի՝ իրեն հավատակից շիա համայնքին պատկանող արաբ ժողովրդին հովանավորության և ուժ տալով տարածաշրջանի վրա «պարսկական կայսրություն» կամ կրոնագաղափարախոսական շիա հսկա պետություն հիմնելու տեսիլքը, որը սպառնում է Սաուդյան սունի իսլամ ազդեցությանը և գոյությանը: Այս բոլորին զուգահեռ, պղտոր ջրում ձուկ որսալու թրքական մարմաջը՝ վերատիրանալու փորձ անելով Օսմանյան կայսրության սահմաններին՝ Սիրիայից մինչև Լիբիա: Այս ամենը ազդում է Լիբանանի իրավիճակի վրա, ու հարցը գրեթե անլուծելի է, քանի դեռ վերոհիշյալ հարցերը չեն կարգավորվել:

Ես հասկանում եմ, որ իրավիճակը մնալու է նույնը, և կողմերի մեջ պարան քաշելու անհավասար խաղը պետք է շարունակվի, մինչև տեղի ունենա ամերիկաիրանական ինչ-որ համաձայնություն, որի արդյունքում Իրանը կզոհի իր «Հըզբոլլահ»-ի խաղաքարտը՝ փոխարենը ստանալով ամերիկյան բարեկամություն՝ իր միջուկային ծրագրերի նկատմամբ և ոչ միայն:

Հակառակ պարագայում խնդիրը շատ կարող է երկարել, և «Հըզբոլլահ»-ի զենքի ուժով կամ իր կամքով զինաթափվելու գնով կատարվի Լիբանանի Սահմանադրության ինչ-որ փոփոխություններ՝ ի շահ Լիբանանում շիա համայնքի:

Կամ եթե խոսենք ավելի կտրուկ լուծումների մասին, ապա պետք է նշեմ, որ Լիբանանի և ընդհանրապես տարածաշրջանի համայնքային ֆեդերացիոն ծրագիրը այնքան էլ անհավանական սցենար չէ: Ժամանակավոր լուծումներ կամ որոշ շրջանի համար հանգուցալուծում միշտ կարելի է գտնել, սակայն դա կլինի կարկատան մինչ խնդրի հիմնական լուծումը: Եվ բնավ պայման չէ, որ այդ լուծումը մեր օրերում կատարվի:

Աստված օգնական լինի Լիբանանին ու լիբանանահայությանը, որոնք ընդհանուր մեծ ծրագրի՝ «պատերազմի զոհերն են» (casualties of war): Ի վերջո, երբ մեծ ծրագիր կա հսկա հողատարածքի վրա, որտեղ պետք է մտնեն հսկայական սարքեր, այդ ծրագրի հիմքերը պատրաստելու համար իրենց ճանապարհին կարող են կոխկրտել կամ արմատախիլ անել մեծ թվով ծառեր կամ հին կարույցներ, ո՞ւմ են հարցնում, կամ ո՞ւմ հոգն է, թե քանի միջատների կամ թռչունների բներ կքանդվեն և նրանց կյանքը կավարտվի ու կենսոլորտը կապականվի: Ծրագիրը այնքան մեծ կարող է լինել, որ մնացած ամբողջը մանրուք է… Ներողություն իրատես լինելու համար, լավատեսությամբ չեմ կարող ավարտել մեր զրույցը: Մնում է հուսալ, որ Աստված կօգնի Լիբանանին և լիբանանահայությանը:

– Շնորհակալ եմ զրույցի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում