Լուրեր
Այդ մանդատի տերը ես չեմ՝ ժողովուրդն է, նրան եմ հաշվետու. Բաբաջանյան

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ խմբակցությանը լրացուցիչ մանդատ հատկացնելու վերաբերյալ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը օնլայն տեսակապով զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

«Այդ դիմումին նման պատասխանը ի սկզբանե կանխատեսելի էր, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման իրավասություն և լիազորություն չունի, Ազգային Ժողովի մանդատների վերաբերյալ ԿԸՀ-ի գործառույթն ավարտվում է ԱԺ ընտրությունների վերաբերյալ ամփոփոփիչ արձանագրութան հրապարակմամբ, որը, ինչպես այսօրվա նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, չի բողողոքարկվել ԱԺ ոչ մի խմբակցության կողմից։ ԿԸՀ այսօրվա նիստում հայտարավեց նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրացուցիչ մանդատ հատկացնելու իրավասություն ունի բացառապես այն դեպքում, եթե առկա է պատգամավորական մանդատից հրաժարվելու փաստ, ինչը տվյալ դեպքում գոյություն չունի։ Ընդհանրապես այս դիմումն իրավական տեսանկյունից չափազանց խոցելի է, քանի որ առնչվում է այնպիսի իրավահարաբերության, որը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ. պատգամավորը Ազգային Ժողովի մեկ գումարման ընթացքում իրավասու է ազատորեն գործել, և որևէ մեկը, որևէ խմբակցություն կամ կուսակցություն չի կարող բռնանալ նրա կամքին, այդ թվում՝ պարտադրել հրաժարվել պատագամավորական մանդատից։ Սա Սահմանադրական նորմ է, որի դեմ էլ, ըստ էության, ուղղված էր «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը։

Այպիսիով, ԿԸՀ նիստում արձանագրվեց այն, ինչն ակնհայտ էր ի սկզբանե, այդ դիմումն իրավական տեսանկյունից անհիմն էր և սին»,- նշեց Արման Բաբաջանյանը՝ հավելելով նաև, որ այդ դիմումը հեռահար նպատակներ ունի, բայց դա իրեն որևէ կերպ չի կաշկանդում:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ շատ ավելի կարևոր է հարցի քաղաքական, ինչու ոչ՝ նաև բարոյական կողմը. «Պատգամավորաական մանդատն իրականում չպետք է լինի սակարկության կամ մեխանիկական հաշվարկների առարկա։ Պատգամավորական մանդատը քաղաքացիների կողմից տրված քվեի առարկայացումն է, որը մարմնավորում է այդ նույն քաղաքացիների սպասումներն ու ակնկալինքերը այդ մանդատը կրողից։ Իսկ դա նշանակում է, որ մանդատը առաջին հերթին ու առավելապես աշխատանքի գործիք է, այն ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ իրացնելու ու կյանքի կոչելու դրա սեփականատիրոջ՝ քաղաքացու սպասելիքներն ու ակնակալիքները… Ահա այս հարթությունում ես ամբողջությամբ ազնիվ եմ ինձ մանդատ տված քաղաքացիների առաջ։ Համենայնդեպս անցած ավելի քան մեկուկես տարվա ընթացքում ես արել և անում եմ առավելագույնը՝ ինձ վստահության քվե տված մարդկանց սպասումներն արդարացնելու համար, դա անում եմ ամենօրյա, անդադար աշխատանքով, ի տարբերություն մանդատը բանսարկությունների ու դավադրությունների միջոցի վերածած շատ շատերի։ Պատգամավորական մանդատը ես շարունակելու եմ օգտագործել այդ նպատակով՝ ՀՀ քաղաքացիների նպատակներն ու սպասումները արդարացնելու համար»։

«2018 թվականին քաղաքացիները ԱԺ բոլոր պատգամավորներին, այդ թվում՝ նաև ինձ վստահության քվե են տվել հեղափոխության օրակարգն առաջ մղելու ու հեղափոխության հռչակումները կյանքի կոչելու համար,- նշեց Արման Բաբաջանյանը:- Ես Ազգային Ժողով եմ եկել այդ գիտակցությամբ ու առաքելությամբ և չեմ դավաճանել այդ կոչմանը, ի տարբերություն նույն հեղափոխական մանդատը ստացած շատ շատերի, ովքեր անազնիվ գտնվելով իրենց վստահած քաղաքացիների առաջ՝ խորհրդարանը դարձրել են հակահեղափոխական օրակարգերի սպասարկման հարթակ։ Իսկ ես իմ ստացած մանդատի համար հաշվետու եմ ինձ վստահության քվե տված քաղաքացիների առաջ։ Այդ վստահությունը շատ, չափազանց թանկ է ինձ համար և որևէ մանիպուլյացիա կամ սպեկուլյացիա ինձ չի կարող ստիպել չարաշահել այդ վստահությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *