«Կարծում եմ, որ ՍԴ նախկին անդամները և ՍԴ նախկին ղեկավարը օգտվել են օրենքով սահմանված իրենց իրավունքներից։ Այն է՝ արդար դատաքննության իրավունքը, ինչը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վեցերորդ հոդվածից։ Եվ իրավունք ունեն դատական տարբեր ատյաններում, նաև միջազգային ատյաններում իրենց իրավունքների պաշտպանության համար դիտել, եթե իհարկե իրենք գտնում են, որ իրենց իրավունքները խախտված են։ Այս պարագայում, քանի որ գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և հարցը դիտարկվելու է այդ տիրույթում, ապա կարծում եմ, որ այս պահին ցանկացած մեկնաբանումը կարող է գնահատվել որպես քաղաքական»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորների՝ ՄԻԵԴ դիմելուն։
Պատգամավորի խոսքով՝ գործողությունների հետագա զարգացումը և ընթացքը լույս կսփռի, թե ինչ իրավիճակների ներքո է քննվելու խնդիրը։
«Ես լիահույս եմ, որ այս գործողությունները շատ թափանցիկ և բաց կլինեն հանրության համար, նաև լրագրողական համայնքի, և որևէ մեկի մոտ որևէ հարց անպարզ չի մնա»,-հավելեց պատգամավորը։