Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) անվանումով լայնամասշտաբ ռազմական գործողության վերաբերյալ հայտարարություն է տարածել Եվրոպայի ասորիների միությունը (ESU)։
«Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ իրականացվող ռազմագործողության հետևանքով այդ շրջանի 20 ասորական գյուղեր դատարկվել են», ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ ռազմական գործողությունների պատճառով այդ գյուղերի բնակիչները տեղափոխվել են Դոհուքի, Զախոյի ու այլ անվտանգ շրջաններ։
«Եվրոպայի ասորիների միությունը Իրաքի իշխանություններին կոչ է անում շտապ և կտրուկ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում Թուրքիայի ռազմական գործողությունները դադարեցնելու, շրջանի բնակավայրերի անվտանգությունն ու խաղաղությունը ապահովելու համար»,- ասվում է հայտարարությունում։
Թուրքիայի ՊՆ-ն Իրաքի հյուսիսում երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» դեմ «Մագիլ-արծիվ» ռազմական գործողության մեկնարկի մասին հայտարարել էր հունիսի 15-ին։
Թուրքիայի օդուժը շարունակում է ռմբակոծել Սինջար, Քարաջաք, Քանդիլ, Զափ, Ավաշին Բասյան և Հաքուրք շրջանները։ Ռազմական գործողության նպատակը Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի հենակետերը վերացնելն է։