Լուրեր
ՍԴ-ն եղել է զառանցանքի մեջ, հիմա ջերմությունն իջեցրել են. ինչպես կհանգուցալուծվի ՍԴ հարցը

«Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամներն այսօր հանդես են եկել կոչով. կոչ են անում հանրապետության նախագահին, կառավարությանը և Դատավորների ընդհանուր ժողովին անհապաղ սկսել  ՍԴ կազմի համալրման՝ ՍԴ դատավորի թեկնածուների առաջադրման գործընթացը։

Հունիսի 22-ին  Ազգային Ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունները երկամսյա ժամկետ են  նախատեսել  այդ գործընթացի համար։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Վահագն Մարտիրոսյանը, «Անտարես» հրատարակչության տնօերն Արմեն Մարտիրոսյանը և «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

«Մինչև երկամսյա ժամկետը սկսելը, շատ կարևոր է, որ երեք սահմանադրական մարմինները՝ հանրապետության նախագահը, կառավարությունը և Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարություն անեն, առավելապես  կարևոր է, որ նախագահը հանդես գա հայտարարությամբ, որ սկսում է թեկնածուների հավաքագրման գործընթացը, որպեսզի հետագայում առաջադրի: Այս գործընթացի իմաստը այն է, որ դրանով էականորեն կլիցքաթափի ՍԴ-ի շուրջ ստեղծված լարված քաղաքական իրավիճակը։ Նախագահն իր այդ քայլով ցույց կտա, որ ճանաչում է սահմանադրական փոփոխությունների օրինականությունը»,- նշեց Վահագն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նախագահն իրավունք չունի գործընթացին կողքից նայել և պարտավոր է իր միջամտությամբ շատ արագ լուծել այս խնդիրը, որպեսզի ՍԴ-ն կարողանա գործել:

Վահագն Մարտիրոսյանի խոսքով՝ նախագահը չի ստորագրում սահմանադրական փոփոխություններով նախատեսված օրենքները, քաղաքական վակուում է առաջանում:

Անդրիաս Ղուկասյանը հավելեց, որ նախագահը հնարվորություն տվեց ՍԴ-ին՝ արտահայտվել Ռոբերտ Քոչարյանի գործով. «Բայց քվորում չկա, սա արհեստականորեն ստեղծված իրավիճակ է… Քոչարյանի փաստաբանները, գնահատելով իրավիճակը, հասկացան, որ ճիշտ կլինի իրենց բողոքը հետ վերցնել, քանի որ չէին ակնկալում, որ ստեղծված իրավիճակում իրենց բողոքը կբավարարվի ՍԴ-ի կողմից»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ոչ լեգիտիմ ՍԴ-ին պետք է տարբերել այսօրվա ՍԴ-ից. «Այս ՍԴ-ն ճգնաժամից դուրս եկող, առողջացող ՍԴ է: Մեր սահմանադրական փոփոխությունները բերեցին նրան, որ ՍԴ-ն արդեն լեգիտիմ է… ՍԴ-ն եղել է զառանցանքի մեջ, հիմա ջերմությունն իջեցրել են, այս ՍԴ-ն լեգիտիմ է և համապատասխանում է մեր Սահմանադրությանը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *