Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, բեկանել է Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի վերաբերյալ դատավճիռն ու գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի և Պողոսյանի միջև «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում վեճ էր սկսվել, որի հետևանքով Պողոս Պողոսյանը սրճարանի զուգարանում սպանվել էր: Այդ սպանության համար Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար և 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով դատապարտվել էր 2 տարի պայմանական ազատազրկման։ Դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի կողմից դատական ակտի դեմ տարվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, թողնվել է առանց քննության։ Սա նշանակում է, որ Հայաստանում սպասվում է ևս մեկ աղմկոտ դատավարություն, որը վերաբերելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եթե ոչ՝ ուղիղ, ապա բավականին շոշափելի անուղղակի առնչությամբ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պողոս Պողոսյանի եղբոր որդի Սամվել Պողոսյանի հետ: