Ավելի քան 70 երկրներում կորոնավիրուսի համավարակի պատճառով ՄԻԱՎ-ի բուժման համար օգտագործվող հակառետրովիրուսային դեղամիջոցների սպառման վտանգ է առաջացել: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուսումնասիրությանը:
«73 երկրում կարող է ծանր իրավիճակ առաջանալ: Այդ պետություններից 24-ը հայտարարել են հակառետրովիրուսային դեղամիջոցների խիստ նվազ պաշարների կամ այդ կենսական նշանակության դեղերի մատակարարման խափանումների մասին»,- ասվում է հաղորդագրությունում:
Ըստ ԱՀԿ-ի տվյալների, այս իրավիճակը կարող է ազդել ավելի քան 8 միլիոն մարդու վրա: Սա ՄԻԱՎ-ի դեմ բուժում ստացողների ընդհանուր թվի մեկ երրորդն է:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ այս տվյալները «լուրջ մտահոգության տեղիք են տալիս»: