Ավստրալիայում տնային կատուն փրկվել է 12 րոպե շարունակ լվացքի մեքենայում պտտվելուց հետո՝ հայտնում է ABC News-ը:
Օսկար անունով բիրմայական կատուն ապրում է Անժելոյի և Ամանդա Մերեդիթի ընտանիքում:
Ըստ տերերի՝ կատուն քնած է եղել մեքենայի մեջ։ Տղամարդը որոշել է լվանալ սավանները, բայց կատվին չի նկատել: Որոշ ժամանակ անց զույգը լսել է մլավոց, բայց ուշադրություն չի դարձրել:
Երբ կենդանու աղաղակը ուժեղացել է, ընտանիքը նայել է մեքենայի մեջ և տեսել, որ 12 րոպե է, ինչ Օսկարը լվացքի հետ պտտվում է եռացող ջրի մեջ: Կատվին անմիջապես հնարավոր չի եղել հանել, քանի որ մեքենան ևս երկու րոպե չորացրել և քամել է լվացքը:
Ավելի ուշ զույգը կատվին տարել է անասնաբույժի մոտ, որը նրա մարմնի վրա բազմաթիվ կապտուկներ է հայտնաբերել: Դեպքից հետո Օսկարը քնել է գրեթե յոթ օր, բայց այժմ կատարյալ առողջ է: